01/24/2025

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության եւ Սահմանադրության օրն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեկտեմբերի 10-ը Արցախի  անկախության եւ Սահմանադրության օրն է

«1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված, Արցախի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի անկախության օգտին: Դա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կասեցրել էին ժողպատգամավորների մարզային խորհրդի գործունեությունը եւ, պատրաստվելով ռազմական լայնածավալ գործողությունների, Բաքուն հայերի տեղահանման քաղաքականություն էր վարում: Այն բանից հետո, երբ 1991-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն օրենք ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին` վերացնելով ազգատարածքային միավորի գոյությունը, ինչը գործող օրենսդրության կոպիտ խախտում էր, արցախահայությունը որոշեց անցկացնել համաժողովրդական հանրաքվե: Ստեղծվեցին տեղամասային ընտրատարածքներ եւ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում` քվեարկողների 99.89 տոկոսն արտահայտվեց ԼՂՀ անկախության օգտին: Ընդ որում,  քվեարկությունը կայացավ Ադրբեջանի կողմից իրականացվող ինտենսիվ ռմբակոծությունների եւ հրետակոծությունների ներքո, ինչը բնակչության շրջանում նոր զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ:

Չնայած Բաքվի սպառնալիքներին, դեկտեմբերի 29-ին կայացան ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ: Եվ նորաստեղծ խորհրդարանը, հիմք ունենալով ժողովրդի կամքի դրսեւորման փաստը, ընդունեց ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրն ու դիմեց ՄԱԿ-ին, աշխարհի պետություններին` կոչ անելով ճանաչել երկրի անկախությունը եւ թույլ չտալ Արցախի հողում հայերի նոր ցեղասպանություն իրագործել:    

Այսօր Արցախը միանգամից երեք հիշարժան իրադարձություն է նշում` պետական անկախության եւ Սահմանադրության, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների պաշտպանության  օրը, որոնք ԼՂՀ կայացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչներ են` կազմելով մեկ ամբողջություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: