01/24/2025

Նոր Հայաստան, առտնին զրույց. մոտ 300 մլն դրամի ոդիսականը…

Նոր Հայաստան, առտնին զրույց. մոտ 300 մլն դրամի ոդիսականը…

Ընթերցողին արդեն տեղյակ ենք պահել, որ Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա. Հակոբյանը հերթական պարտությունն է կրել դատարանում, այս անգամ՝ թիվ ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործով (https://syuniacyerkir.am/ 28/11/2019թ.)։

Այդ կապակցությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. ապրիլի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ:

Սակայն… Այն բանից հետո, երբ (19 նոյեմբերի 2019 թ.) Վճռաբեկ դատարանը մերժեց Վահեի ներկայացուցչի բողոքը վարույթ ընդունելը, նոր եւ շատ լուրջ հարց ծագեց…

Ըստ տվյալ դատական գործի նյութերի ՝ 2016 թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետ Վահե Ա. Հակոբյանը հայտարարել է, թե նորաստեղծ «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին» փոխանցված միջոցներն ուղղվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին»:

Ու պարտքով տրված գումարը վերադարձվելու է…

Այդ քննարկման տեսանյութը դատական գործի մեջ է:

Թե հետագայում ի՞նչ նպատակով է օգտագործվել այդ գումարը, առայժմ մեզ հետաքրքիր չէ, թեեւ տվյալ գործով պատասխանողներից մեկը՝ Արթուր Գրիգորյանը, ենթադրություններ է հայտնել այդ խնդրի շուրջ։

Առայժմ հետաքրքիր չէ նաեւ հարցը, թե իրավական ի՞նչ հիմքով են պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամի միջոցները փոխանցվել ոչ պետական (մասնավոր) հիմնադրամին:

Ի դեպ՝ ե՛ւ պետական հիմնադրամի, ե՛ւ տվյալ մասնավոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այդ պահին եղել է Վահե Ա. Հակոբյանը:

Ավելի ստույգ՝ Վահեի գլխավորած պետական հիմնադրամը գումար է փոխանցել Վահեի գլխավորած մեկ այլ՝ ոչ պետական հիմնադրամին՝ վերադարձնելու պայմանով:

Առայժմ մեզ հետաքրքրում են ավելի պարզ (եթե ոչ պարզագույն) հարցեր:

Նախ՝ որքա՞ն է փոխանցված գումարի իրական չափը. մամուլը տարբեր թվեր է մինչեւ հիմա ներկայացրել՝ որոշ դեպքերում նշելով մինչեւ 300 մլն դրամ:

Երկրորդ, վերադարձվե՞լ է արդյոք այդ գումարը Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, թե՞ ոչ, չէ՞ որ գումարը պարտքով էր տրվել:

Երրորդ, ինչո՞ւ պարտք տված եւ պարտք վերցրած գումարն արտացոլված չէ նշված երկու հիմնադրամի 2016, 2017, 2018 թվականների պաշտոնական հաշվետվություններում, ինչպես որ պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Չորրորդ, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Սյունիքի մարզպետարանը հետամուտ չեն լինում՝ հետ բերելու պարտքով տրված գումարը, որը, կրկնում ենք, պետական սեփականություն է: Եթե այդ պարտքը զիջվել է մասնավոր հիմնադրամին` այդ մասին պետք է ասել (դա էլ տարբերակ է)։

Եվ. իհարկե, մեկ անգամ եւս հիշեցնենք ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 15-ի N1299-Ն որոշման կետերից մեկը՝ «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է»:

 

«Սյունյաց երկիր»

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: