01/24/2025

Սյունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Սյունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

 - Բանակ ես գնո՞ւմ, -հարցնում եմ Հարութին:

 - Իհարկե, տղա եմ, պիտի գնամ, ծառայեմ հայրենիքիս:

 Ծնողներդ չե՞ն կարող քեզ ազատել ծառայությունից, -փորձում եմ խաղալ նրա հոգու հետ:

 -Ինչո՞ւ, - զարմանում է Հարութը, - բա որ ես չգնամ  բանակ,  էն մեկը չգնա, էն մյուսը չգնա, բա մեր աղունն ով պիտի աղա: Ճիշտ չէ՞ տղաներ, - դառնալով նորակոչիկներին` ասում է Հարութը:

 Բանակ մեկնողները դրական շարժում են իրենց գլուխը:

 Գորիսի զինկոմիսարիատի բակում հնչում է հայկական զուռնա-դհոլի ձայնը: Առանց հրավերքի,  առանց հուշելու, հոգու մղումով   մեկեն սկսում են պարել   տղաները: Պար չէ դա սովորական, եւ պարն այդ ասես խորհրդանշում է  տղաների անձնուրացությունը, պատրաստակամությունը:

Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը, եւ սա առաջին հավաքն է: Ըստ զինկոմի` այդ օրվա հավաքի մասնակիցները  կամավորներ են, կամավորներ այն  առումով, որ ցանկացել են ձմեռային զորակոչի ժամանակ առաջինը  գնալ զինվորական ծառայության:

Ամբիոնին է մոտենում Սյունիքի զինկոմ,  գնդապետ Արարատ Մանուչարյանը: Նա հայ ժողովրդին շնորհավորում է ձմեռային զորակոչի առթիվ, տղաներին մաղթում խաղաղ ու անփորձանք ծառայություն:

- Դուք պետք է խելոք ծառայեք, օրինակելի զինվոր լինեք, գերազանց տիրապետեք ռազմական տեխնիկային: Մեր թշնամին թվով մեծ բանակ ունի: Մենք նրան պիտի հաղթենք մեր գիտելիքներով, ռազմական տեխնիկայի գերազանց տիրապետմամբ: Դուք գնում եք պաշտպանելու-ամրապնդելու ձեր պապերի, հայրերի  անձնազոհության գնով ձեռք բերածը: Եղեք նրանց արժանի հետնորդները: Բարի ճանապարհ, բարի վերադարձ ձեզ…

Տղաներին հայոց բանակ է ճանապարհում նաեւ ազատամարտիկ, գնդապետ, նախկին զինկոմ,  Սյունիքի երկրապահ կամավորականների միության նախագահ Մելիքսեթ Պողոսյանը:

- Սյունեցին միշտ փայլել է  իր խիզախությամբ, մարտունակությամբ, համոզված եմ, որ դուք նույնպես Սյունիքի անունը բարձր եք պահելու եւ բոլորս հպարտանալու ենք ձեզնով:   Միշտ հիշեք, առանց բանակի չկա պետություն, բանակն է որոշում երկրի ճակատագիրը:   Դրա համար մենք պետք է  անընդհատ բարձրացնենք մեր բանակի մարտունակությունը, որ մեր թշնամուն խաղաղություն պարտադրենք: Ու հիշեք նաեւ, մենք սպասում ենք ձեզ,  ձեզանից  լավ լուրերի ենք սպասելու:

Հայոց բանակ մեկնողներին բարի ճանապարհի ու վերադարձի խոսքեր է ասում նաեւ վետերանների Գորիսի տարածքային խորհրդի նախագահ Խասան Հարությունյանը` նշելով, որ անկախության այս սերունդը պատվով կկատարի իր առաքելությունը եւ տուն դառնալով եւս մեկ առաքելություն կստանձնի՝ կմասնակցի  իր համայնքի շենացմանը:

…Ելույթներն ավարտվեցին: Նորակոչիկները գնում են Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մոմ վառելու: Ու նաեւ նրանց ծնողները, հարազատները, ինչպես եւ պատահական անցորդները: Վառեցին ու աղոթեցին՝ Տեր Աստված, հայոց բանակի զինվորը մեր տան օրհնությունն է, մեր պահապան հրեշտակը, մեր հույսն ու հավատը, պահապան եղիր նրան:

 

 Ալվարդ Մեսրոպյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: