01/24/2025

Մեծարվեց բանաստեղծուհին

  Մեծարվեց բանաստեղծուհին

Գորիսի  Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը գրողների միության Սյունիքի մասնաճյուղը կազմակերպել էր գորիսեցի բանաստեղծուհի Դուխիկ Հայրապետյանի 10-րդ գրքի շնորհահանդեսը: Ինչպես  նախորդ ժողովածուներում, այնպես էլ այս գրքում,  որ կրում է   «Լույսի հարմոնիա» վերնագիրը, զետեղված ստեղծագործությունները մտերմիկ զրույց են ընթերցողի հետ, ու նաեւ ընթերցողին հիշեցնում են՝ օտար ափերում հորովել չկա, եկեք հայրենիք: Հայրենի բնաշխարհի յուրաքանչյուր քարը, թուփը, ժայռը, աղբյուրը, ձորը դարձել են նրա ստեղծագործությունների «հերոսները»: Հայրենի լեռնաշխարհին սիրահարված բանաստեղծուհին ընդգծված սիրով է ներկայացնում հարազատ լեռնաշխարհը, հպարտանում, որ այս լեռնաշխարհն իր ծննդավայրն է:

 Այս գրքում զետեղված ստեղծագործությունները նույնպես աչքի են ընկնում գեղարվեստական պատկերների առատությամբ, որոնք անտեղի չեն եւ գալիս-լրացնում-ամբողջական են դարձնում նրա ասելիքը:

 Դուխիկ Հայրապետյանի ստեղծագործությունները նվիված են հայրենիքին, մորը, զավակին: Եվ բոլոր ստեղծագործություններից սեր ու բարություն է հորդում՝ վարակելով ընթերցողին:

 «Լույսի հարմոնիա» գրքում զետեղված են նաեւ Դուխիկ Հայրապետյանի արձակ ստեղծագործությունները: Նրա հերոսներն իրական մարդիկ են, որ հանդիպել ու հանդիպում ենք  կյանքում:

 Գրքի շնորհահանդեսին ելույթ ունեցան նրա գրչակից ընկերները: Նրանք նշեցին, որ Դուխիկ Հայրապետյանն անընդհատ ստեղծագործում է, ապացուցում, որ գրողը չգրել չի կարող: Դա նաեւ նրա մարդկային տեսակն է: Նա նաեւ գրողի այն տեսակն է, որ անթաքույց կերպով ձգտում է  լայնացնել իր անվան տարածությունը, հիշատակ թողնել, գնահատվել ընթերցողի կողմից, ճանաչված լինել իր ժողովրդի կողմից:

  Շնորհահանդեսի ժամանակ Գուսան Աշոտի անվան մշակույթի տան երգիչները բանաստեղծուհուն 10-րդ գրքի առթիվ շնորհավորեցին իրենց կատարումներով:

Միջոցառման ժամանակ ընթերցվեցին Դուխիկ Հայրապետյանի ստեղծագործություններից:

Գրքի շնորհահանդեսի ժամանակ  Դուխիկ Հայրապետյանին   հանձնվեց  Գորիսի համայնքապետարանի շնորհակալագրի, որին նա արժանացել է  հերթական գրքի լույս ընծայման առթիվ:

 

     Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: