01/23/2025

ԱՄՆ ուժերը Բաղդադում սպանել են իրանցի ազդեցիկ գեներալ Կասեմ Սոլեյմանիին

ԱՄՆ ուժերը Բաղդադում սպանել են իրանցի ազդեցիկ գեներալ Կասեմ Սոլեյմանիին

ԱՄՆ զինվորականներն Իրաքում սպանել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Կուդս էլիտար ուժերի հրամանատար գեներալ Կասեմ Սոլեյմանիին, հայտնում է BBC-ն: Պենտագոնն այս առթիվ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:

Սոլեյմանիին սպանել են Բաղդադի միջազգային օդանավակայանում: Ըստ տեղեկությունների՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Նրանց թվում է նաև Իրաքում շիա աշխարհազորհայինների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:Սոլեյմանիի սպանությունից հետո Թրամփը Թվիթերի իր էջում հրապարակել է ԱՄՆ դրոշի լուսանկարը:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Սոլեյմանին այլ զինվորականների հետ ավտոմեքենաներով հեռանում էր Բաղդադի օդանավակայանից, երբ ամերիկյան դրոնը հարվածեց նրանց: Ըստ տեղեկությունների՝ գեներալ Սոլեյմանին Իրաք էր եկել Լիբանանից կամ Սիրիայից:

Պենտագոնի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ԱՄՆ զինվորականները վճռորոշ գործողություններ են արել՝ նպատակ ունենալով կանխել Իրանի հետագա հարձակումները: «ԱՄՆ-ն շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու համար, աշխարհի որ կետում էլ լինի», – նշված է Պենտագոնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանին է մեղադրում Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան հարձակումը որակել է միջազգային ահաբեկչության գործողություն: «ԱՄՆ-ն կրում է սեփական արկածախնդրության ողջ պատասխանատվությունը», – Թվիթերում նշել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանիի թիրախավորումը և սպանությունը ծայրահեղ վտանգավոր ու անմիտ էսկալացիա է:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: