01/23/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են հերթական ապատեղեկատվությունը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը գրում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։

«Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուրկել ԱՄՆ նախագահին։

Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ»,- գրել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Բաղդադում ԱՄՆ-ի ավիահարվածից սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: