09/21/2020

Այցելություն Քերթողահայր Մովսես Խորենացու ծննդավայր Խորեա գյուղ, որ հիմա Կորնիձոր է կոչվում

Այցելություն Քերթողահայր Մովսես Խորենացու ծննդավայր Խորեա գյուղ, որ հիմա Կորնիձոր է կոչվում

Կորնիձոր գյուղում եւ մերձակայքում եղել ենք բազում անգամ, բայց 2019 թ. դեկտեմբերի 28-ին այլ առաքելություն ունեինք՝ այցելել այդ տարածքի սրբավայրեր:

Մեզ ուղեկցում էին Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ, Կորնիձորի վարչական ղեկավար Արկադիա Խաչատրյանը, երիտասարդ հովիվ Սաքո (Սարգիս) Խուրշուդյանը, ով քաջածանոթ է Հին Կորնիձորի ամեն մի քար ու քարափի եւ իր նժույգով մեզ օգնելու պատրաստակամություն էր հայտնել:

Օրվա երկրորդ կեսին, երբ մեկ այլ երթուղով պետք է իջնեինք Կորնիձորի ու Խնձորեսկի մերձակայքում գտնվող Վանոցա գյուղի ավերակներ (Վերին Ջիջիմլի կամ Ջիջիմլի առաջին), մեզ առաջնորդ եղավ Սյունիքի մերօրյա մտավորականության երեւելի ներկայացուցիչ, երկրամասի պատմության խորագիտակ մասնագետ Գրիշա Հարությունյանը:

«Սյունյաց երկիրը» շնորհակալություն է հայտնում Գրիշա Հարությունյանին, Արկադիա Խաչատրյանին եւ, իհարկե, հրաշալի երիտասարդ Սաքո Խուրշուդյանին՝ մեր ուխտագնացությանն աջակցելու համար:

 

Սուրբ Մովսես Խորենացու ծննդավայրը

Հին Կորնիձորում, որ մխրճված է ձորերի մեջ, հայ մարդը բնակվել է վաղնջական ժամանակներից:

Այդ գյուղը նվիրական վայր է ամեն մի հայի համար:

Պատճառն էլ հանրահայտ է. բազմաթիվ հեղինակավոր գիտնականների կարծիքով՝ հենց այդտեղ է ծնվել Պատմահայր, Տիեզերահռչակ վարդապետ եւ եռամեծար փիլիսոփա Մովսես Խորենացին:

Այո, նրանց կարծիքով հենց այս վայրում՝ Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի Խորեա գյուղում է ծնվել Քերթողահայրը:

Սույն տեսակետն առաջին անգամ քննարկվել է 1912 թվականին՝ «Տաճար» շաբաթաթերթում՝ Գնել վարդապետ Գալեմքեարյանի հոդվածներից մեկում:

Հեղինակն այդ վարկածի օգտին մի շարք համոզիչ փաստարկներ է բերում:

Այդ վարկածի օգտին է արտահայտվել նաեւ բազմավաստակ հայագետ Ստեփան Մալխասյանցը:

Մալխասյանցը գրում է՝ «Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքում, Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարի վերջում: Օրբելյանի հիշած Խորեա ձեւը 5-րդ դարում հնչում էր ավելի լիակատար ձեւով՝ Խորեան: Այս ենթադրությանն ուժ են տալիս մի քանի կողմնակի փաստեր, ինչպես Խորենացու լավ ծանոթ լինելը Սյունիքին, Երասխի հոսանքին, Երասխի ափերին մոտ եղած շեներին, Սյունյաց նահապետ Սիսակին մեծ գովեստներով հիշելը, հակակրությունները դեպի Մամիկոնյանները, որոնք Սյունյաց հակառակորդներն էին Ե դարի երկրորդ կեսում եւ այլն»:

Այդ տեսակետը հաստատում եւ մի քանի փաստարկներով հարստացնում է մեր մեծ հայրենակից Մորուս Հասրաթյանը՝ «Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» հոդվածում:

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ «Խոր ձորակի ճեղքի մեջ քարայրային հին Խորեան այժմ գավառի բնակչության շուրթերով հնչում է որպես Կոռնծյոր»:

Մորուս Հասրաթյանը նշում է նաեւ՝ «Ղազար Փարպեցին մեկ-երկու շաբաթվա ճանապարհ է կտրել՝ հանդիպելու, հյուրընկալվելու, այն էլ գրեթե երկու տարի, անշուշտ, մի ոչ պատահական Մովսեսի հետ, ում ինքը ծանոթացնում է որպես գավառի բնակիչների եւ հոգեւորականության դասի մեջ հռչակված մի հոգեւորական»:

Անշուշտ, հարցը, բանավիճային է: Սակայն պետք է նկատել, որ դեռեւս ոչ ոք փաստարկված խոսք չի ասել ընդդեմ Գալեմքեարյանի, Մալխասյանցի, Հասրաթյանի տեսակետի:

Այնպես որ՝ մենք նույնպես միանում ենք այդ տեսակետին եւ հպարտությամբ արձանագրում՝ Սուրբ Մովսես Խորենացու ծննդավայրը Խորեա գյուղն է, որ հիմա Կորնիձոր է կոչվում:

 

Եվս մի քանի տեղեկություն Կորնիձորի մասին

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվել է նաեւ Կոռնիձոր, Կոռնաձոր, Գենիձոր, Գերինզուր, Գերինձոր եւ այլն:

Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ խճուղու աջ կողմում, Հագարի գետի ավազանի Կոռնիձոր գետակի ձախ զառիթափի լանջին եւ դրանից վեր՝ սարավանդի վրա:

Կորնիձոր անվանումը հին աղբյուրներում չի հիշատակվում:

Գյուղանվանը հանդիպում ենք Տաթեւի վանքի նոր հարկացուցակում (1781 թ.), որի համաձայն վանքին տալիս էր չորս հազար շահի հարկ:

Ըստ գյուղի պատմագիր Սիմոն Սիմոնյանի՝ «Գյուղը չորս անգամ տեղափոխվել է: Ամենահին գյուղը կոչվել է Խորեա… դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ ձորից 80-100 մետր բարձրության վրա, ուղիղ լեռների ճակատին փռված են ժայռակերտ քարանձավներ, մոտ քառասուն հատ: Դրանցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 20-25 մարդ»:

19-րդ դարավերջին գյուղ է այցելել Երվանդ Լալայանը:

Ահա նրա գրառումը. «Խնձորեսկից դեպի արեւելահարավ, հազիվ 5 կմ հեռավորությամբ մի խոր ձորի լանջին գտնվում է Կոռնձոր գյուղը: Այստեղ կան բավական թվով հին քարատակներ եւ մի քարատակ եկեղեցի: Նշանավոր է նաեւ այն կոնաձեւ ժայռերը, որ ցցվում են ձորակի մեջ:

Այժմյան բնակիչները տեղավորված են մասամբ այդ հին, մասամբ էլ նոր կտրված քարատակների եւ մանավանդ հասարակ ղարադամների մեջ:

Միակ քարաշեն եկեղեցին բավական հին եւ քայքայվելու վրա է:

Գյուղի միջով անցնում է համանուն վտակը»:

Գյուղի անվանումի հետ կապված մի քանի ավանդազրույցներ կան, դրանցից մեկը հիշեցնում է Սիմոն Սիմոնյանի «Կոռնիձոր» գիրքը (Երեւան-2006). «Կոռնիձոր անվանումը հավանական է՝ ստացվել է Կոր ձոր իմաստով, քանի որ սկզբում անվանվել է Կեռ-նի-ծոր: Չնայած գրում են, որ կեռ բառը բարբառային է, իսկ գրականով կլինի կոր, եւ հետեւապես գյուղի անունն էլ տեղացիները գրում են Կոռնիձոր: Ավելի ճիշտ Կեռ ձոր արտահայտությունն է, քանի որ… տեղացիները այն անվանել են Կեռնի ծոր, իսկ հետո՝ Կոռնի ծոր»:

Հին գյուղը հիմնականում պահպանվել է մինչեւ 1956 թվականը:

 

Գյուղի հին եկեղեցին, որ կոչվում էր Սուրբ Հովհաննես

Հիմա այդ եկեղեցու ավերակներն անգամ չկան:

Գյուղացիները վկայում են, որ այն գտնվել է Կամո Սահակյանի ներկայիս այգու տարածքում:

Ըստ գրավոր աղբյուրների՝ Սուրբ Հովհաննեսը կառուցվել է 18-19-րդ դարերում, սակայն Երվանդ Լալայանն այլ կարծիք ունի՝ «Միակ քարաշեն եկեղեցին բավական հին է…»:

 

Քարատակի եկեղեցին

Այդ սրբավայրի մասին նույնպես տեղեկություն է հաղորդում Երվանդ Լալայանը:

Բայց այդ եկեղեցու մասին պահպանվում է նաեւ ժողովրդական հիշողություն:

Սաքո Խուրշուդյանը մեզ տարավ այդ վայր. քարանձավը քանդվել է, բայց մերձակայքում կա  մի խաչքար (ոչ այնքան հին), որտեղ կորնիձորցիները մինչեւ հիմա էլ գալիս են մոմ վառելու եւ մատաղ անելու:

Քարատակի եկեղեցին գտնվել է Սուրբ Հովհաննեսի մերձակայքում:

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Աստծո այդ տաճարը կանգուն է:

Ըստ դռան ճակատին պահպանված գրության՝ կառուցվել է 1905-ին:

Կառուցված է սրբատաշ քարերով, քառանկյունի, երկարուկ:

Գտնվում է հին եւ նոր գյուղերն իրար կապող ճանապարհի վրա՝ հին գյուղի հյուսիս-արեւմտյան կողմում գտնվող մի բարձունքում:

Մերձակայքում՝ չորացած երկու ծառի տակ նորօրյա մի փոքրիկ խաչքար է տեղադրված, որի մոտ նույնպես վառված մոմի հետքեր տեսանք:

Ըստ կորնիձորցիների՝ Սուրբ Հռիփսիմեի մերձակայքում գերեզմանաքարեր են եղել, որոնք չեն պահպանվել:

Լուսահոգի Սիմոն Սիմոնյանն ուշագրավ բացահայտումներ է արել՝ Սուրբ Հռիփսիմեին (եւ ոչ միայն) առնչվող:

Ըստ նրա՝ Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է իտալահայ ճարտարապետ Տիգրան Պողոսյանի նախագծով, ով կառուցել է նաեւ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ահա Սիմոն Սիմոնյանի գրառումը. «…Միրզիշենի եւ Խորեայի քանդված եկեղեցիների քարերով, Տիգրան Պողոսյանի նախագծով, Գրիգոր Տեր-Սողոմոնյանի ակտիվ միջնորդությամբ 1901 թ. սկսում է կառուցվել այժմյա Կոռնիձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ շահագործման հանձնվում 1905 թ.:

Կառուցող վարպետն էր Խնձորեսկ գյուղացի Մինասը…»:

 

Խաչեր

Այս վայրը, որ նաեւ Թոփալ խութ է կոչվում, գտնվում է Կորնիձորի ներկայիս գյուղատեղիից 2-3 կմ արեւմուտք:

Հայկական մեծ բնակավայր է եղել՝ պաշտամունքային իր վայրերով, որոնց մասին գրավոր հիշատակություններ դեռեւս չհայտնաբերեցինք:

Ներկայիս գյուղի տների մի մասը կառուցվել է Խաչեր գյուղատեղիի քարերով:

Արկադիա Խաչատրյանի փոխանցմամբ՝ այդ վայրը պաշտամունքային է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում է դեռեւս կանգուն մարդակերպ մի հուշարձան:

Խաչեր կոչվող վայրից մի հրաշալի խաչքար է բերվել նոր գյուղ եւ տեղադրվել Մեծ հայրենականում զոհված կորնիձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Սիմոն Սիմոնյանը Խաչեր գյուղին այլ անվանում է տալիս՝ Շուռնուխ:

Անշուշտ, վիճելի է այդ վարկածը, ստույգ է մի բան՝ Խաչերից հարավ է գտնվում Շուռնուխ կոչվող վայրը՝ այգիներով, դարավոր հնձաններով:

Արդյո՞ք դա է Հաբանդ գավառի Շուռնուխ գյուղը, որ հիշատակում է Ստեփանոս պատմիչը (չշփոթել Բղեն գավառի կամ Բաղք-Քաշունիքի Շուռնուխ գյուղանվան հետ):

 

Ռուսաց սրբատեղին

Կորնիձորից հարավ-արեւմուտք գտնվող Գյոդակլար գյուղի տարածքը (որի հայկական անվանումը ճշտված չէ), ինչպես եւ Խաչերի տարածքը մելիորացվել են 1960-70-ականներին, որի հետեւանքով ոչնչացվել են այդ վայրերի պատմամշակութային հուշարձանները:

Երբեմնի Գյոդակլար գյուղի տարածքում պահպանվել է մի սրբավայր, որին կորնիձորցիները Ռուսաց սրբավայր են անվանում, թեեւ դժվար թե այն հայկական ծագում չունենա:

Նման անվանումը պատահական չէ:

19-րդ դարավերջին այդ գյուղը բնակեցվել է մոլոկաններով:

Մոլոկանները կրոնական աղանդի ներկայացուցիչներ էին Ռուսաստանում. աղանդը սկիզբ է առել 18-րդ դարի երկրորդ կեսին:

Ռուսական իշխանությունն ու եկեղեցին հալածել են մոլոկաններին, որը հանգեցրել է նաեւ նրանց զանգվածային վերաբնակեցմանը, այդ թվում ՝ Անդրկովկասում:

Մոլոկանների առաջին բնակավայրերը Հայաստանում հիմնվել են 19-րդ դարի 30-ական թթ.:

Մոլոկանները մերժում էին խաչի պաշտամունքը, բայց եւ ունեին իրենց պաշտամունքային խորհրդանիշերը:

Թե երբ են մոլոկանները ստույգ  վերաբնակեցվել Կորնիձորի մերձակայքում եւ երբ են հեռացել այնտեղից, չկարողացանք ճշտել:

 

 

Միրզիշենի եկեղեցու ավերակները

Հագարու գետի աջ կողմի բարձունքի վրա է գտնվել հինավուրց Միրզիշեն գյուղի եկեղեցին:

Ըստ Սիմոն Սիմոնյանի՝ լենկթեմուրյանները քանդել են եկեղեցին եւ տեղում երկու քյումբազ (քյուլբազ) կառուցել:

Կորնիձորցի Արշակ Գրիգորյանը 1943 թ. Սիմոն Սիմոնյանին պատմել է, որ ժամանակին երկրաշարժից փլվել է այդ քյումբազներից մեկը:

Եվ իբր այդ քյումբազի (երբեմնի հայկական եկեղեցու) անկյունաքարերը (ռոքերը) 1898-1900 թվականներին՝ վերոնշյալ Տիգրան Պողոսյան անուն-ազգանունով ճարտարապետը, եզան սայլերով, տեղափոխել են Գորիս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցելու համար:

Մյուս քյումբազը ավերվեց Արցախյան պատերազմի ժամանակ:

 

Եղեգի ձորի (Ղամիշ դարա) քարանձավային եկեղեցին

Գյուղից մոտ 3,5 կմ հարավ-արեւելք է գտնվում այդ սրբավայրը:

Պահպանվել է քարանձավային եկեղեցու ներսի խաչքարը:

 

Կիրաձորը

Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանատեղիից՝ Սռի եղցուց դեպի հարավ-արեւմուտք (երբեմնի Կենտ շենից կամ Կենդ շենից) ձգվում է Կիրաձորը, ասել է թե՝ Գրաձորը:

Անվանումը, կարծեք, ամեն ինչ ասում է այդ վայրի հոգեւոր-մշակութային անցյալի մասին:

 

Սռի եղցին

Այդ սրբավայրի մասին հանգամանալից խոսք ենք ասում Տեղ գյուղ կատարած մեր ուխտագնացության վերաբերյալ հրապարակումներում:

Մատենագիտության մեջ իշխող վարկածներից մեկի համաձայն՝ այդտեղ է հողին հանձնվել Պատմահայր Մովսես Խորենացին:

Սռի եղցին գտնվում է Կենտ շեն բնակավայրի ծայրին:

Ըստ Սիմոն Սիմոնյանի՝ «Կետաշենը եւ մինչեւ Կիրաձորի վերին ծայրն ընկած հողատարածքները 1926 թ. գյուղի սահմանները ճշտելու ժամանակ, գծել են աջակողմյա ձորով, եւ դրանք մտել են Տեղ գյուղի տարածքների մեջ»:

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ Կետաշենը առաջին անգամ ավերվելուց հետո պահպանվել են եկեղեցին ու պարիսպները, երկրորդ անգամ նորից բնակություն են հաստատել եւ գյուղը կոչել Կետաշեն-Կենտաշեն-Կենտ շեն-Գետաշեն:

Ըստ Արկադի Խաչատրյանի՝ նոր Կորնիձորը կառուցելիս գյուղացիներն օգտագործել են ինչպես Խաչերի, այնպես էլ Կենտ շենի քարերը:

 

Պաշտամունքային վայր Վանոցա երկրորդում, որ ազերիները Ներքին Ջիջիմլի են անվանում

Արկադիա Խաչատրյանի առաջնորդությամբ այցելեցինք Կորնիձորից մոտ 5 կմ հարավ-արեւելք գտնվող մի հնավայր, որ գտնվում է Կուրաթ գետակի (Հագարի գետի վտակ) ձախ ափին:

Հին հայկական այդ բնակատեղին 19-րդ դարում բնակեցվել է թուրք-ազերիներով, ովքեր էլ գյուղն անվանել են Ներքին Ջիջիմլի:

Ղեւոնդ Ալիշանը հայկական այդ բնակավայրն անվանում է Կարբինք Ներքին, իսկ Վերին Ջիջիմլին՝ Կարբինք Վերին:

Ալիշանը տեղանվան ադրբեջանական ձեւն անվանում է Ճեճիմլու (այս մեկը՝ Ճեճիմլու Բ):

Մորուս Հասրաթյանը Ներքին եւ Վերին Ջիջիմլի գյուղերին այլ անուն է տալիս՝ Վանոցա, որն էլ այսօր մտել է պաշտոնական շրջանառության մեջ:

Հնավայրը դեռեւս պատշաճ ուսումնասիրված չէ, բայց…

Առերեւույթ կիկլոպյան կառույցների մի ամբողջություն է. մեծածավալ քարերով, առանց շաղախի, զանգվածեղ շինություններ:

Էնեոլիթից բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջանին (մ.թ.ա. III հազարամյակ) բնորոշ կառույցներ են:

Կան նաեւ մենաքարեր (միգուցե եւ դոլմեններ, կրոմլեխներ), որոնք շատ նման են Սիսիանի տարածաշրջանի Զորաց քարեր հնավայրի մենաքարերին (ավելի փոքր, բայց ավելի մաշված):

Պահպանվել են պարսպի հետքերը, որոնք, անշուշտ, վկայում են համալիրի պաշտպանական նշանակության մասին:

Կիկլոպյան այդ հնավայրը, անտարակույս, նաեւ պաշտամունքային նշանակություն է ունեցել:

Պահպանվում է խուց-բնակարաններից մեկը:

Հնավայրի արեւելյան մասով է անցնում Կորնիձորից դեպի ազատագրված տարածքներ ձգվող ավտոճանապարհներից մեկը:

Այդ հնավայրն ազերի-թուրքերն անվանում էին Գյավուր դամի (անհավատների տներ. մեզ էին անհավատ կոչում):

 

Վանոցա գյուղում, որ ազերի-թուրքերը Վերին Ջիջիմլի են կոչել կամ Ջիջիմլի առաջին

Կորնիձորի եւ Խնձորեսկի գրեթե միջնամասում գտնվող հին հայկական այդ բնակավայր այցելեցինք դեկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին:

Այցելեցինք Գրիշա Հարությունյանի ուղեկցությամբ, ով քաջածանոթ է այդ վայրերին:

Այցելեցինք Խնձորեսկ գյուղով. դա ավելի հարմար ուղի է:

Խնձորեսկից մոտ 8 կմ հարավ-արեւելք գտնվող այդ գյուղի բարձունքում են գտնվում երկու խոշոր դամբարանները, որ երեւում են Կորնիձորից, նաեւ Վանոցա երկրորդից:

Տեղացիներն այդ վայրը կոչում են քյումբազներ (քյուլբազներ), որ նշանակում է դամբարաններ:

Քյումբազներ կոչվող այդ վայրը մինչեւ հիմա գիտական վեճի առարկա է:

Քյումբազներից մեկը հայկական ոճով է կառուցված եւ, անտարակույս, հայ ճարտարպետների ձեռքի գործ է:

Առաջին հայացքից թվում է, թե եկեղեցի է, քանզի մի շարք լուծումներ նման տպավորություն են թողնում:

Սակայն Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանների գիտակ, մեր բարեկամ Զորիկ Ըռքոյանը մեզ համոզեց, որ դա նույնպես դամբարան է, բայց կառուցվել է հայ ճարտարապետների կողմից:

Երկրորդ քյումբազը (դամբարանը), որ ընդգծված արեւելյան ոճի է, պարզվում է՝ մինչեւ այսօր կռվախնձոր է թուրքմեն-մոնղոլ-ազերի հնագետների միջեւ:

Ազերիները 2008-ին Բաքվում հրատարակել են մի ֆոտոալբոմ, որտեղ պատկերված է այդ դամբարանը՝ այսպիսի մակագրությամբ՝ «Մելիք Աժդարի դամբարանը, XII-XIII դարեր, գտնվում է Ջիջիմլի գյուղում, բարձր լեռնային գյուղում»:

Լուսանկարի վրա գրված է նաեւ՝ «1992 թ. մայիսի 18-ին օկուպացվել է Հայաստանի զինված  ուժերի կողմից»:

Իսկ ալբոմն այսպես են վերնագրել ադրբեջանցի կեղծարարները՝ «Ղարաբաղ-մեր ժառանգության հավերժ հիշողությունը»:

Սակայն ադրբեջանցի կեղծարարների հնարքը չեն ընդունել անգամ թուրքմենները:

Մի քանի տարի առաջ այդ վայր է ժամանել Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ թուրքմեն հնագետների ուղեկցությամբ, եւ հայտարարել, որ դա ոչ թե ադրբեջանական, այլ թուրքմենական մշակույթի հուշարձան է՝ կառուցված Լանկ Թեմուրի ժամանակներում:

Այդ հուշարձանի հանդեպ հավակնություն են հայտնել նաեւ մոնղոլները, որոնց գիտական հանրության ներկայացուցիչները նույնպես մի քանի տարի առաջ այցելել են քյումբազներ եւ յուրովի պարզել, որ դա մոնղոլական ինչ-որ խանի դամբարան է:

Քյումբազներից մենք իջանք Վանոցա:

Գյուղը գտնվում է Հագարի գետի աջակողմյան Կուրաթ վտակի ստորին հոսանքի աջափնյակում:

Գյուղում պահպանվում են քանդված հայկական եկեղեցու ավերակները:

Գյուղում 20-րդ դարասկզբին ազերի բնակիչները կառուցել են մզկիթ, որը կանգուն է:

Գրիշա Հարությունյանի կարծիքով՝ մզկիթի ճարտարապետությունն իր վրա ակնհայտորեն կրում է հայկական ճարտարապետության ազդեցությունը:

Նկատի ուներ հատկապես ներքին լուծումները, ինչպես եւ հյուսիսային պատի մեջ եւ արեւելյան դռան բարավորի տեղում արհեստականորեն խցկված՝ արաբատառ գրությամբ քարերը:

 

Հագարի գետը, որ գյուղի արեւելյան սահմանն է

Հագարի գետի ձորահովտի կորնիձորյան հատվածում կան գյուղատեղիներ՝ սրբավայրերով, որոնցից յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրության առարկա է:

Հագարին նաեւ ջրբաժան է Սյունյաց աշխարհի Հաբանդ եւ Աղահեճ գավառների:

Հագարի գետը մատենագիտության մեջ հիշատակվում է այլ անուններով եւս՝ Ագար, Ագարա, Ագարա գետ, Ագարակի գետ, Ակերա, Աղավնո, Աղավնո գետ, Աղվան, Աղվանի, Առան, Հագարու, Հաքարլու, Հաքյառու գետ եւ այլն:

Հագարին Արաքսի ձախակողմյան վտակն է:

Արաքսին է միանում Հաջալլի գյուղից մի փոքր արեւելք:

Հագարին կազմվում է երեք ճյուղերի միախառնվելուց՝ Հագարի, Հոչանց, Աղօղլան (Զաբուղ). վերջին երկուսը Հագարու գետին են միանում ձորահովտի կորնիձորյան հատվածում:

Հագարի գետի ամենախոշոր վտակը Որոտանն է, որը նրա մեջ թափվում է ծայր ստորին հոսանքի շրջանում՝ աջ կողմից:

 

Վերջաբան

Ինչպես նշեցինք խոսքի սկզբում, մեր նպատակը Կորնիձորի եւ մերձակայքի սրբավայրերին ծանոթանալն էր:

Բայց այդ օրը քանիցս հիշեցինք գյուղի պատմության բազում հերոսական եւ ուշագրավ դրվագներ:

Անհնար էր չհիշել Կորնիձորի Գրիգոր քահանային՝ Գրիգոր Տեր-Սողոմոնյանին, ում սխրանքը փայլատակեց հատկապես 1919 թ. նոյեմբերին՝ Զանգեզուրի հերոսամարտի օրերին:

Գրիգոր քահանայի մասին շատ է գրվել, բայց բավարարվենք Սերո Խանզադյանի մի գրառմամբ. «1919 թ. ձմեռնամուտին, Բաքվի կոմունան կործանած թուրքական զորքը, փորձված դահիճ Նուրի փաշայի գլխավորությամբ, հարձակվում է Զանգեզուրի վրա:

Այդ բանակի 20 հազարանոց մի ճյուղ գրոհում է Կորնիձորի վրա:

Տեր Գրիգորը՝ իր չորս որդիների հետ, դիրքեր է բռնում թուրքերի դեմ, մինչեւ լեռների մյուս գյուղերից գալիս են ինքնապաշտպանության ջոկատները եւ թշնամուն ջախջախելով հետ շպրտում»:

1925 թ. Գրիգոր Տեր-Սողոմոնյանը ձերբակալվեց եւ աքսորվեց:

Աքսորի ժամկետը լրանալուց հետո տեղափոխվել է Տաշքենդ եւ ծառայության անցել տեղի հայկական եկեղեցում:

Մահացել է 1934-ին, թաղված է Տաշքենդի հայկական եկեղեցու առջեւի գերեզմանատանը:

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Քաջազնունին Գրիգոր քահանային անվանել է «Ազգային հերոս»:

Գարեգին Նժդեհն էլ այսպես է ներկայացրել նրան՝ «Ահա՝ հոգեւորական, զինվոր, հերոս կորնիձորցի Գրիգորը»:

 

Սամվել Ալեքսանյան

 

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево и на улице

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: гора, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: дерево, трава, небо, растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, на улице

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице, природа и вода

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, трава, дерево, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: облако, небо, на улице и природа

На изображении может находиться: облако, небо, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: небо, облако, трава, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: на улице и в помещении

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение и в помещении

На изображении может находиться: облако, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, облако и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: небо, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо и на улице

Нет описания фото.

На изображении может находиться: на улице и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: