01/23/2025

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Անդրադառնալով սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։

 

Միլենա Խաչիկյան

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: