01/23/2025

Դատախազը մերժել է Թավադյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը

Դատախազը մերժել է Թավադյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մերժել է որպես մեղադրյալ ներգրավված «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես՝ դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը: Բողոքի հեղինակին հեռախոսով տեղեկացվել է որոշման կայացման մասին»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանն անցնում է նույն քրեական գործով, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որը վերաբերում է սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: