01/23/2025

ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը

ԱԻՆ-ը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառ է դիտարկում մարդկային գործոնը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ նշելով, որ իրենց մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը:

«Երեկվա միջադեպից հետ մեր մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանանք հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է: Այժմ միանշանակ կարելի է բացառել, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, ցնցումը մարդկային գործոնի հետևանք է: Տարբեր վարկածներ կան, թե մարդկային ինչպիսի գործոնի հետևանքով կարող էր տեղի ունեցած լինել այդ ցնցումը, հնարավոր է, որ հարակից տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը կամ թրթուրավոր տեխնիկա է անցել, որից էլ առաջացել է ցնցումը: Տեղադրված սարքերի միջոցով հստակ կպարզենք, թե ցնցումն ինչի հետևանք է»,- ասաց Զարգարյանը:

<<Դալմա գարդեն մոլը>> հունվարի 9-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել. <<Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում <<Դալմա գարդեն մոլ>>-ում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, <<Դալմա գարդեն մոլը>> չի աշխատելու։ Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին>>,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար: <<Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների>>,- նշված է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: