01/23/2025

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Mark Marovic ֆեյսբուքյան օգտատերը «Սյունյաց երկրին է» ներկայացրել Haykakan hamaynq ֆեյսբուքյան օգտատիրոջ նամակը, ով կիսվել էր նաեւ Մեղրի Բլոգ ֆեյսբուքյան էջում 2020 թ. հունվարի 13-ին, որը ներկայացնում ենք ստորեւ:

Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ է դիմում Մեղրիի խնդիրներն իրենը համարող, այդ խնդիրներով ապրող շարքային քաղաքացին` ցանկանալով Ձեր ուշադրությունը հրավիրել Մեղրու ԲԿ-ի վրա:

Մեղրի խոշորացված համայնքի  միակ ԲԿ-ն ղեկավարում է Լուսինե Վարդանյանը: Վերջինս երդվյալ հանրապետական, հայտնի Ծաղիկ Վարդանյանի (բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) քույրն է: Ծաղիկ Վարդանյանը  ԱՆ-ում պաշտոն ստացավ ՀՀԿ-ի բարգավաճման գործում ունեցած մեծ ավանդի համար, որի համար  չգիտես ինչու դեռ այսօր էլ փակ դռներ չկան:

Բողոքս համայնքի միակ ԲԿ-ի տնօրենի աշխատելաոճի վերաբերյալ է, ով  կաշառակերությունն ու մասնագիտական միջակությունը  դարձրել է որպես կայուն ապրելակերպ:

Շահագործելով պաշտոնական  դիրքը` Մեղրիի  ԲԿ-ի տնօրենը բուժհաստատությունում ստեղծել է աշխատանքային հակաօրինական պայմաններ: ԲԿ-ի յուրաքանչյուր աշխատակից ունի  աշխատանքային պայմանագիր, որում նշված է աշխատաժամանակը: Սակայն բուժաշխատողները աշխաtում են օրենքով սահմանած աշխատաժամանակից առավել` առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելավճարի: Փոխարենը բուժհաստատության տնօրենը բուժաշխատողներին դրդում է անօրինական քայլերի՝ այն է, բուժհաստատություն դիմած հիվանդից կանխիկ գումար շորթելու պահանջով լրացնել օրինական   հավելավճարի չվճարվածը: Այս ամենի արդյունքում բուժաշխատողը իր կամքից անկախ փաստորեն դառնում է տնօրինության կոռումպացված  քայլերի զոհ, իսկ տնօրենին հակադրվելու դեպքում էլ բուժաշխատողը զրկվում է աշխատանքից: Անհրաժեշտ գումարի դիմաց տնօրենի անմիջական հրահանգով կատարվում է անաշխատունակության թերթիկների ազատ առք ու  վաճառք, իսկ շտապօգնության կեղծ կանչերին էլ չափ ու սահման չկա:

Ցավոք անաշխատունակության թերթիկ է տրամադրվում ոչ միայն քաղաքացիներին, այլեւ բուժաշխատողներին, բայց արդեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ տնօրենի պահանջով:

Արդեն երկու (կամ ավելի) տարի է, ինչ ինֆեկցիոն բաժնի  (բարեբախտաբար լիարժեք առողջ) աշխատակիցներին հարկադրաբար, իրենց կամքին հակառակ անաշխատունակության թերթիկ է տրամադրվում:

Հարգարժան վարչապետ, իմ ձեռքի տակ գտնվում է մի փաստարկ, որտեղ ակնհայտ երեւում է Մեղրիի ԲԿ-ի տնօրենի անօրինական գործունեության  ողջ ընթացքը, որտեղ նա` օգտագործելով պաշտոնական դիրքը, հարկադրաբար փողերի լվացման գործընթացի մեջ է ներքաշել շտապ օգնության վարորդ Գ. Հայրապետյանին: Ըստ փատաթղթերի` Հայրապետյանը հոկտեմբերին ստացել է ստացիոնար բուժօգնություն պետության հաշվին՝ միաժամանակ կատարելով իր աշխատանքային պարտականությունները: Նրա համար բացել է կեղծ հիվանդության  պատմության թերթիկ, բայց միաժամանակ հերթապահության ուղեգրերի  մեջ փաստացի  Հայրապետյանը կատարել է իր աշխատանքային պարտականությունները: Կցված փաստաթղթերը կհրապարակեմ հաջորդիվ:

Վերը նշված փաստարկը  տնօրենի  օրինախախտումների  ընդհամենը մեկ օրինակն է: Մեծարգո վարչապետ, Մեղրիի ԲԿ-ի տնօրենի օրինախախտումները բացահայտելու համար անհրաժեշտ է վերադաս պատասխանատու մարմինների անհապաղ միջամտությունը, կրկնում եմ` անհապաղ միջամտությունը, որի արդյունքում բուժ հաստատության աշխատակիցներն էլ անձամբ կվկայեն վերը նշվածիս ողջ եղելությունը:

Լիահույս եմ, որ նման դեպքերին ընթացք տալն ու բացահայտումները կխթանեն Նոր Հայաստանի առաջընթացին:

 

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի

Haykakan hamaynq-Մեղրի բլոգ

13 հունվարի 2020 թ.

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: