01/22/2025

Խոսք հրաժեշտի Հայկ Ավագյան (1949-2020)

Խոսք հրաժեշտի Հայկ Ավագյան (1949-2020)

Այս անգամ տխուր լուրը ստացվեց հեռավոր Բելգիայից. տեւական հիվանդությունից հետո վախճանվել է հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Կապանի արվեստի պետական քոլեջի փողային բաժնի  նախկին դասատու, ֆլեյտահար Հայկ Ավագյանը:

Կապանի մտավորականության լավագույն ներկայացուցիչներից էր: Անուրանալի է նրա  դերը Կապանում դասական երաժշտության մասսայականացման գործում: Ճանաչված երաժիշտն ու մանկավարժը շրջապատում եւ մարդկային փոխհարաբերություներում առանձնանում էր պարկեշտությամբ, արհեստավարժությամբ եւ կիրթ պահվածքով: Ուստի նրա կորստյան վիշտն անամոք է, ցավը` խոր:

Երաժշտական կրթություն է ստացել Թբիլիսիի Փալիաշվիլիու անվան   երաժշտական ուսումնարանում՝ ֆլեյտա մասնագիտությամբ: Ուսումնառության տարիներին մասնակցում էր մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթների՝ արժանանալով դափնեկրի կոչման: Հայկ Ավագյան երաժիշտ-կատարողը չէր կարող բավարարվել միայն ուսումնարանի կրթությամբ, ուստի ընդունվում եւ ավարտում է (գերազանց առաջադիմությամբ) Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Հայկ Ղասաբյանի դասարանը): Միաժամանակ դասավանդում է Կապանի երաժշտական ուսումնարանում՝ հիմնադրելով ֆլեյտայի դասարանը, որտեղ աշխատել է մինչեւ 2009 թվականը:

1994-1995 թթ. ղեկավարել է Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցը՝ այս անգամ էլ դրսեւորելով կազմակերպչական ձիրք՝ բարձրացնելով սաների երաժշտական-կատարողական արվեստը՝ նպաստելով նրանց գեղագիտական դաստիարակությանը:

Հայկ Ավագյանը Կապան քաղաքում նպաստել է գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը՝ հիմնադրելով «Վարդագույն քարեր» վոկալ-գործիքային անսամբլը: 1978-ին, երբ ղեկավարում էր «Կապան» վոկալ- գործիքային անսամբլը, համերգային շրջագայության են մեկնել Բայկալ-ամուրյան մայրուղի, ինչի համար կոլեկտիվն արժանացել է ժողովրդական կոչման:

Երկար տարիներ ղեկավարել է Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը՝ այդպիսով հոգեւոր երգեցողությունը դարձնելով շատ-շատերի սեփականությունը:

 Նրա կյանքում եւս մի ուշագրավ դրվագ կա. Արցախյան պատերազմի տարիներին  արձագանքեց մաեստրո Ֆելիքս Հայրապետյանի կանչին՝ ընդգրկվելով զինվորական  նվագախմբի կազմում:

Հայկ Ավագյանը ֆլեյտահարների մի քանի սերունդ է դաստիարակել, որոնցով  իրավամբ հպարտանում է՝  Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր Արմեն Ղուկասյան, Սանկտ-Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, մրցանակների եւ դիպլոմերի դափնեկիր Սասուն Առաքելյան, Սամվել Ավանեսյան (բնակվում է Բելգիայում), ուրիշներ:

Թեպետ ապրում էր Բելգիայում, բայց մշտապես կապված էր հայրենիքին, իսկ 2014-ի նոյեմբերին Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում հավուր պատշաճի նշվեց ճանաչված երաժշտի եւ մանկավարժի ծննդյան 65-ամյակը:

Ճշմարիտ մտավորականի, լավագույն մանկավարժի եւ երաժիշտ-կատարողի հիշատակն անմար կմնա ճանաչողների սրտերում:

 

Վահրամ Օրբելյան

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: