01/22/2025

Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Ընթացիկ տարվա հունիսի 20-ից մինչև հուլիսի 6-ը Արցախում երրորդ անգամ կանցկացվի «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:

Նրա խոսքով՝ սիմպոզիումին մասնակցելու համար հայտերն արդեն իսկ ընդունվում են: Մասնագիտացված հանձնաժողովը մասնակցության հայտ ներկայացրածներից կընտրի ընդամենը 10 արվեստագետի։

«Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան՝ հատկապես քանդակագործության ոլորտում։ Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կավե զանգվածներ՝ տարբեր տեխնոլոգիական ոլորտների և բարձր ջերմաստիճանի համար, ինչպես նաև էլեկտրոնային և փայտե ջեռոցներ` կավը թրծելու համար։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում»,- մանրամասնել է Ա. Կապլանյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Երևանից մինչև Շուշի տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցության հայտում պետք է ներկայացնել կավե աշխատանքների 10-15 բարձր որակի լուսանկար, ինքնակենսագրական /CV/, փառատոնների, մրցույթների կամ ուսուցողական դասընթացների մասնակցության մասին հավաստագրեր։

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: