01/21/2025

Հանրապետության նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հանրապետության նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:  

president.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: