01/21/2025

Վաշինգտոնը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները

Վաշինգտոնը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները

Վաշինգտոնը քննադատել է Ադրբեջանում անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները: Երկրում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ հայտարարություն է տարածել, մեջբերելով ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, ըստ որի՝ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները», - հայտարարել է Ամերիկայի դեսպանատունը՝ հավելելով. - «Դա Ադրբեջանի իշխանություններրի ստանձնած պարտավորությունն է միջազգային համայնքի, բայց նախ և առաջ՝ սեփական ժողովրդի առաջ»:

Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 71 պատգամավոր կունենա։

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նույնպես արձանագրել է, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: