01/21/2025

32 տարի առաջ՝ այս օրը, սկսվեց արցախյան ազգային-ազատագրական շարժումը. ԱՀ նախագահն ընդունել է ակտիվիստների

32 տարի առաջ՝ այս օրը, սկսվեց արցախյան ազգային-ազատագրական շարժումը. ԱՀ նախագահն ընդունել է ակտիվիստների

Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել է արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:

Հանդիպմանն ԱՀ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել օրհնության խոսքով:

Նա կարևորել է արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստների աշխատանքը և հավաստիացրել, որ հայրենիքի համար նրանց կատարածը մեծ առաքելություն է, ու այն դարեր շարունակ կհիշվի սերունդների կողմից:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում ասել է, որ ամեն անգամ հայ ժողովուրդը փորձում է նորովի իմաստավորել 1988 թվականի իրադարձությունները:

Նախագահը մասնավորապես ավելացրել է. «Այն, որ մենք ձերբազատվել ենք գերությունից, այն, որ այլևս ցեղասպանություն չենք ապրելու, որ դաստիարակվել են սերունդներ, ովքեր իրենց հայրերի և ավագների արժանի զավակներն են, ես կապում եմ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հետ: Շարժման ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ դարեր շարունակ հիշելու է ժողովուրդը: 88-ի շարժման շնորհիվ մենք ձեռք ենք բերել այնպիսի հնարավորություն, որ մշտապես և ամենուր տանելու է նորանոր հաղթանակների: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ շարժման ակունքներում կանգնած մեր հայրենակիցները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ երկրի զորացման և շենացման գործում: Տեղին եմ համարում այսօր հիշել բոլոր այն նահատակներին, ովքեր նվիրական ծառայություններ են մատուցել մեր հայրենիքին, բայց այսօր նրանք ֆիզիկապես մեզ հետ չեն. նրանց հիշատակը միշտ բոլորս էլ վառ ենք պահելու»:

Հանդիպումից հետո մեզ հետ զրույցում արցախյան շարժման առաջամարտիկ Արկադի Կարապետյանն ասել է, որ 1988 թվականին, երբ իրենք պայքարի դրոշ էին բարձրացրել, մեկ նպատակ ունեին՝ ապագայում տեսնել Արցախն ու Մայր Հայաստանը միավորված: «Արցախյան շարժումն արցախահայության կյանքում շատ բան է փոխել: Մեր ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ մեր պետականությունը:
 
Արցախյան շարժումից յուրաքանչյուր ոք յուրովի է իր դասը սերտել, որն էլ պետք է հիմք հանդիսանա, հետագա մեր հայրենանվեր գործունեության մեջ: Պետք է լինենք միակամ և միահամուռ»,- մասնավորապես ասել է Ա. Կարապետյանը:
 
artshakhpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: