09/21/2020

Պապիկյանը չհերքեց, որ դատվածություն է ունեցել. նախարարը դիմեց ոստիկանություն և ԱԱԾ

Պապիկյանը չհերքեց, որ դատվածություն է ունեցել. նախարարը դիմեց ոստիկանություն և ԱԱԾ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը չհերքեց, որ դատվածություն է ունեցել: Այս մասին Պապիկյանն ասաց փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ արձագանքելով մամուլում այդ մասին հրապարակումներին:

«ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում: Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում: Այն ամենի մեջ, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթ. իմ ծառայության ընթացին: Ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ ծակող-կտրող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասաց Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ իր կյանքի այդ փուլը փակված է համարում, իսկ իր անձնական կյանքի վերաբերյալ գաղտնի տեղեկությունը պահվում է ոստիկանության հատուկ բաժնում:

«Այս տեղեկությունն անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում։ Այսինքն` այս ինֆորմացիան կարող է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելու պայմաններում: Ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - նշեց նա։

Սուրեն Պապիկյանը դիմեց Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: