01/21/2025

«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կունենանք». Մահացած լեյտենանտի հարազատները բացառում են ինքնասպանությունը

«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կունենանք». Մահացած լեյտենանտի հարազատները բացառում են ինքնասպանությունը

Փետրվարի 14-ին Արցախում մահացած 23-ամյա լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատները բացառում են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի բարեկամուհին` Նանե Արզումանյանը` նշելով, որ հարազատները պահանջում են բացահայտել կատարվածը:

«Հայկի կամանդիրներից, զինվորական ընկերներից, համածառայակիցներից, բոլոր-բոլորից հարցնում ենք, խնդիր չի ունեցել, ինքն էլ շատ գոհ է միշտ եղել, ասել է` էս ինչ լավ տեղ եմ ընկել, ինչ լավ զորամաս է: Այսինքն` որեւէ մի բան չի եղել, որ մենք մտածենք, ինչ-որ մի բան էն չի: Ընկերներից եմ էլ եմ հարցրել, ասում են` ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասաց նա:

Նանեի խոսքով` Հայկը բազմաթիվ ծրագրեր, նպատակներ ուներ եւ հնարավոր չէր, որ նա ինքնասպանության մասին մտածեր. «Քրոջ հաշվին գումար էր փոխանցել, ցանկանում էին իրենց մայրիկին ծննդյան օրվա առթիվ նվեր անել եւ հեռախոս գնել: Այս շաբաթ էլ պետք է հարսանիք գար, այսինքն՝ ինքը լիքը ծրագրեր ուներ ու հնարավոր չէր ինքնասպան լիներ: Դեպքը տեղի է ունեցել իր դիրքեր բարձրանալու առաջին օրը, բարձրացել է դիրքեր, առեւտուրն արած, պայուսակում սիրուն դասավորած ու սենց բա՞ն»:

Նանեն նշեց, որ Հայկը վերջին անգամ մոր հետ է խոսել, ասել է, որ շատ լավ է, խառն է, հետո կզանգի, մայրը որդու քայլերի ձայնն է լսել: Հայրն էլ համացանցից է տեղեկացել որդու մահվան մասին:

«Հայկի մայրը` Լիանան, անընդհատ կրկնում է, որ սա գոնե սա լինի վերջինը, գոնե ինքը վերջին մայրը լինի, որ նման կորուստ է ունենում»,- ասաց նա:

Մահացած զինծառայողի բարեկամուհու խոսքով` Հայկը հնարավորություն է ունեցել մեկնել երկրից եւ սովորել արտասահմանյան հեղինակավոր բուհերից մեկում, սակայն գերադասել է մնալ եւ ծառայել իր երկրի բանակին:

«Մայրը պատմում էր, որ դասախոսներից մեկը փորձել է միջնորդել, որ Հայկը գնա Քեմբրիջում սովորի, ու այդ ժամանակ Ապրիլյան քառօրյան է սկսվել, Հայկն ասել է` մամ, ես որ գնամ, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի ու ինքը միանգամից ցանկություն է հայտնել ծառայել բանակում: Նա նաեւ մի երազանք է ունեցել, որ արտադրի մի զենք, որից միայն մենք ունենանք, որ մենք միշտ պաշտպանված լինենք, մեր հայրենական արտադրության լինի»:

Նանեն հավելեց, որ Հայկը 3 տարով պայմանագիր է ունեցել, որից միայն 1.5-ն է ծառայել:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Հայկը ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցը` ոսկե մեդալով: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մինչ այդ, ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ծրագրավորող էր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: