01/21/2025

ՊԵԿ-ի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետում կանխել են թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

ՊԵԿ-ի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետում կանխել են թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցները, անձնական զննության ենթարկելով Իրանի  քաղաքացուն, նրա  գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են  «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ  ընդհանուր քաշով:

 Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած  անհետաձգելի  միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ  քաղաքացին:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: