01/20/2025

Երվանդ Մանարյանի կյանքն ընտիր դասագիրք է. տեղի ունեցավ արտիստի հոգեհանգստի արարողությունը

Երվանդ Մանարյանի կյանքն ընտիր դասագիրք է. տեղի ունեցավ արտիստի հոգեհանգստի արարողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, հասարակական, քաղաքական, մշակույթի և այլ ոլորտների գործիչներ ներկա էին  ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը գույն ունենալն է, և երբ ուզում ենք հասկանալ, թե մարդն ինչ կյանքով է ապրել, ինչ հանրային ընկալումներ է ունեցել, նրա հեռանալուց հետո տեսնում ենք, թե ինչ գույն է պակասել մեր միջավայրից, հանրային կյանքից, մեր գեղարվեստական իրականությունից:

«Երվանդ Մանարյանով հեռանում են գույներ: Իմ ընկալումներում նրա կեցվածքում ասպետական բան կար, նա կենցաղի մանրուքներից բարձր մարդ էր, արժանապատիվ անձնավորություն: Ինչպես ասում են նրան վաղուց ճանաչող մարդիկ, Երվանդ Մանարյանն ամբողջ կյանքում ոչինչ ոչ մեկից չի խնդրել, չի պահանջել և չի խլել: Նա իր մասնագիտությունը վերածեց առաքելության, իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց մի գործի: Մանարյանն օրինակելի քաղաքացի էր, և անկախ իր պատկառելի տարիքից մշտապես եղավ հանրությանը մտահոգող թեմաների կիզակետում, չվախեցավ ժպիտով և ազատ խոսել քաղաքական իշխանությունների հետ: Ազատ մարդու փիլիսոփայական զվարթ բան կար նրանում»,-շեշտեց Խզմալյանն ու հիշատակելով  նաև դիրիժոր Յուրի Դավթյանի կորուստը ասաց, որ այդ սերնդով մեզանից հեռանում է արժանապատիվ արվեստագետների աստղաբույլը, մարդիկ, որոնք գիտեին` ինչ է պատիվը և քաղաքացու օրինակ էին:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ շեշտեց, որ Մանարյանն իր ուսուցիչն էր: «Նա ինձ համար թատերական ասպարեզի ասպետ էր` ընկերների, կանանց, ընտանիքի, գործի հանդեպ իր վերաբերմունքով:  Մանարյանը երջանիկ մարդ էր և երջանկացնում էր բոլոր նրանց, ովքեր հաղորդակցվում էին նրա հետ: Ավելի ազատամիտ, ժամանակակից, դրական էներգետիկա փոխանցող մարդու դժվարությամբ կարողանամ հիշել: Երվանդ Մանարյանի կյանքն ընտիր դասագիրք է բոլորիս համար: Երբ հիշում եմ նրան, երջանկության զգացողություն եմ ունենում, որ ապրել ենք նրա ժամանակներում, որ հնարավորություն ենք ունեցել աշխատելու, ստեղծագործելու միասին»,-ընդգծեց Բաբայանն ու հավելեց, որ Երվանդ Մանարյանը արվեստագետի, մտավորականի, քաղաքացու փայլուն օրինակ էր:

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն էլ նշեց, որ Երվանդ Մանարյանին բարձր գնահատական է տվել ժողովուրդը, որը նրան իրապես սիրում էր: «Նրա մահը մեծ կորուստ էր ժողովրդի, մշակույթի, արվեստագետների, բոլորիս համար: Երվանդ Մանարյանի ներկայությունը քաղաքում կարևոր էր, և Մանարյանն այն բացառիկ արվեստագետներից էր, որն ուներ ընդգծված քաղաքացիական  դիրքորոշում: Նա  շատ բովանդակալից և գեղեցիկ կյանք ապրեց: Կարևորում եմ հատկապես նրա նվիրվածությունը երեխաներին Տիկնիկային, այնուհետև իր ստեղծած «Ագուլիս» թատրոնում: Մանարյանն արեց ամենը, որ իր գործը նշանավորվի և արածը բարի խոսքով հիշեն»,-նկատեց Ներսիսյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։  Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս»,«Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսիցե», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն: 2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ ,Արտավազդե մրցանակ: 2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: