01/19/2025

«Նուբարաշեն», «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներն ունեն նոր պետեր

«Նուբարաշեն», «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներն ունեն նոր պետեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին այսօր՝ մարտի 4-ին, ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գեւորգյանին: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից։

Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարեւորել է քրեական ենթամշակույթի եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջեւ ոչ կանոնադրական եւ աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝ հավաստիացնելով, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների եւ պահանջների լիաժեք կատարմանը, եւ ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը:

Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին:

Արտակ Հարությունյանը եւ Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաեւ խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ եւս կարեւորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի եւ պետության գերակայության սկզբունքները։ Անդրադարձել են նաեւ ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման եւ կոռուպցիայից զերծ մշակույթ ձեւավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

  

lurer.com

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: