01/19/2025

Շարունակում ենք կառուցել ուժեղ բանակ՝ ունենալով Վազգեն Սարգսյանի տեսլականը. Արտակ Դավթյանի ուղերձը

Շարունակում ենք կառուցել ուժեղ բանակ՝ ունենալով Վազգեն Սարգսյանի տեսլականը. Արտակ Դավթյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ արտակ Դավթյանը ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը:

«Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:
 

Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային և քաղաքական գործիչ:

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը:

Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, ով միևնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:

«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, և ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փառք քեզ, մեծ հայ»:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: