01/19/2025

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները գտնվել են արտերկրում (2017-18 թթ.), բայց աշխատավարձ են ստացել

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները գտնվել են արտերկրում (2017-18 թթ.), բայց աշխատավարձ են ստացել

ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի 2017-18 թվականների ֆինանսական գործունեությունը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ մարզպետարանի աշխատակազմի չորս աշխատակից 24 օր գտնվել են արտերկրում, սակայն նրանց վճարվել է 401 հազար դրամ «աշխատավարձ»:

Պարզվել է նաեւ, որ մարզի առողջապահական ու բժշկական թվով չորս կազմակերպության 43 աշխատակից 198 աշխատանքային օր (հերթափոխեր) գտնվել են արտերկրում, սակայն նրանց ներկայություններն ամրագրված են  հաշվետախտակներում (տաբելներում), ինչի հետեւանքով վերջիններիս վճարվել է 1.146.204 դրամ «աշխատավարձ»:

Պարզվել է նաեւ, որ թվով 16 հանրակրթական դպրոցում 43 աշխատակից 2017-18 թթ. 862 աշխատանքային օր գտնվել է արտերկրում, վերջիններիս ներկայությունն ամրագրված է հաշվետախտակներում, սակայն հաշվարկվել ու վճարվել է «աշխատավարձ», ընդամենը՝ 3.919.240 դրամ:

Դրանից, հաշվեքննության ընթացքում, մարզի հանրակրթական դպրոցների կողմից վերականգնվել է 3.086.754 դրամ:

Այսպիսով՝ մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկի 92 աշխատակից 2017-18 թթ. 157 աշխատանքային օր գտնվել է արտերկրում, բայց եւ ստացել են 5.690.400 դրամ «աշխատավարձ»:

Հաշվեքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ դրամական օգնությունները խիստ կենտրոնացված են եղել մարզպետարանում եւ Կապանի բնակավայրերում:

Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում (2017 թվական եւ 2018 թ. 5 ամիս) Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Վահե Ա. Հակոբյանը:

Սյունիքում հիշում են, որ նման դեպքերում այդ տղան ստուգումների արդյունքներն անմիջապես ուղարկում էր դատախազություն. նման բազմաթիվ օրինակներ կան: Եվ դա հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր նրան լուրջ չէին ընդունում:

Հետաքրքիր է՝ պատկան մարմինները հիմա ի՞նչ վերաբերմունք կունենան հաշվեքննության արդյունքների հանդեպ:

Ոչ պակաս հետաքրքիր է մեկ այլ հարց եւս. այդ տղան եւ մարզպետարանի հայտնի մռխկած տիկինը (համապատասխան վարչության երբեմնի պետը) որքանո՞վ առնչություն ունեն նշված խեղաթյուրումները կազմակերպելու հետ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: