01/18/2025

Ինքնամեկուսացումը խախտելու համար Հայաստանում ևս կպատժվեն. նախարար

Ինքնամեկուսացումը խախտելու համար Հայաստանում ևս կպատժվեն. նախարար

Իտալիայի քաղաքացու հետ շփված վեց ընտանիքներ կարանտինի տակ են Երևանում իրենց շենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նման տարբերակներ նույնպես հնարավոր են:

«Աստիճանաբար՝ վիրուսին տարածմանը զուգընթաց, աշխարհում հրաժարվում են կարանտինային հատուկ վայրերում կարանտինից, ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա: Դրա խախտման համար որոշ երկրներ նախատեսում են պատասխանատվություն, ինչը ևս արվելու է Հայաստանում: Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին ցուցված է պարտադրված  ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն: Սա ինչո՞ւ ենք անում, որովհետև վարակի տարածմանը զուգընթաց՝ պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, այս պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք նաև ժամանակի մեջ, անգամ՝ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց նա:

Թորոսյանը տեղեկացրեց, որ կլինի հիվանդանոց կամ կլինեն հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որ ընդհանուր հիվանդանոցի ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ, ինչպես շատ տեղերում է: Նա նշեց՝ Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել և դարձել են վարակի աղբյուր այլոց համար, Հայաստանում ևս գրանցվել է բուժքրոջ հիվանդանալու դեպք, նրան մեկուսացրել են, որ վարակը չտարածվի:

Նախարարը դեռ չցանկացավ նշել կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու համար առանձնացված հիվանդանոցներ, քանի որ ցանկը վերջնականացված չէ: Նա, սակայն, հայտնեց՝ մարզային ԲԿ-ներում ամենայն հավանականությամբ կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով: Թորոսյանը խոստացավ՝ ցանկը կհրապարակեն, սակայն մի բան հստակ է՝ Նորքի հիվանդանոցը մնալու է կենտրոնական օղակը:

shantnews.am 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: