01/18/2025

Աբեն հայտնել է, որ Օլիմպիադայի հետաձգումը հնարավոր է

Աբեն հայտնել է, որ Օլիմպիադայի հետաձգումը հնարավոր է

Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հետաձգումը հնարավոր է, եթե հնարավոր չլինի մրցությունն անցկացնել սովորական ձեւաչափով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը] համապատասխանում է [Օլիմպիադան] ամբողջական ձեւաչափով անցկացնելու կուրսին, ինչի մասին ես ասում էի: Եթե հնարավոր չլինի դա իրականացնել, ապա անհրաժեշտ կլինի հետաձգման մասին որոշում ընդունել՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք առաջին հերթին պետք է մտածենք մարզիկների մասին»,- ասել է նա:

Աբեն նաեւ ընդգծել է, որ Օլիմպիադայի անցկացման վերաբերյալ որոշումը կայացնում է ՄՕԿ-ն, եւ այս պահին օրակարգում չկա Խաղերը չեղյալ հայտարարելու հարց:

ՄՕԿ-ն ավելի վաղ տարածել էր կազմակերպության ղեկավար Թոմաս Բախի նամակը, որում նշվում էր, որ Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հնարավորության վերաբերյալ որոշումն ընդունվելու է 4 շաբաթվա ընթացքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Բախը նաեւ նշել էր, որ Խաղերը չեղյալ հայտարարելը ոչ մի խնդիր չի լուծի, ուստի հիմա օրակարգի մեջ չէ: Մինչ այդ ՄՕԿ-ն ու Ճապոնիայի իշխանությունները գրավում էին հետեւողական դիրքորոշում՝ հայտարարելով, որ Խաղերը կայանալու են նախանշված ժամկետում: Օլիմպիադան անցկացվելու է հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 

news.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: