01/17/2025

Աշխատակիցներին չկրճատած մի խումբ տնտեսավարողներ արդեն կարող են դիմել միանվագ աջակցության համար

Աշխատակիցներին չկրճատած մի խումբ տնտեսավարողներ արդեն կարող են դիմել միանվագ աջակցության համար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը»,-գրել է Թունյանը:

Նա հիշեցրել է, թե ովքեր կարող են լինել միջոցառման շահառու (աջակցություն ստանալ). այն տնտեսավարողները, որոնք.2020 թվականի հունվարի մեկից  մինչև.2020 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

«Տնտեսվարողների աշխատավարձի փաստացի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը և ավելացված աշխատավարձի ֆոնդը»,-պարզաբանել է Թունյանը:

5-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։

Օժանդակության չափը կազմելու է աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդի 16-20 տոկոսը։

Պատգամավորը ծանոթացրել է նաև դիմելու կարգինքայլերի հերթականությանը.

1․ Ապրիլի 1-ից սկսած մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության ներկայացումից հետո տնտեսվարողը, ծրագրի պայմաններին բավարարելու դեպքում, ՊԵԿ էլեկտրոնային համակարգի իր էջին ստանալու է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

2․ Ծանուցումը ստանալուց հետո տնտեսվարողը նույն համակարգում առկա նոր ձևանմուշով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու համար։

3․ Դիմումի ներկայացումից հետո դրամաշնորհը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վարչապետը Փաշինյանը կառավարության նիստում միջոցառումը հաստատելիս նկատել էրոր այս աջակցության ծրագրով կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ գործատուներին, որոնք այս դժվար ժամանակներին խուճապի չեն մատնվել և ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն, այսինքն այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել իրենց աշխատողներին, չեն կրճատել աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը, պետության կողմից կստանան դրամաշնորհ:

Արմենպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: