01/16/2025

Արցախի ընտրություններում ՀՅԴ-ն չի աջակցի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

Արցախի ընտրություններում ՀՅԴ-ն չի աջակցի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Ի գիտություն ընդունելով Արցախի Հանրապետության  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, արձանագրում ենք.

Ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց  անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ:

Հաշվի առնելով մեր Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, գործադիր և օրենսդիր   իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը, ընդունում ենք ընտրությունների արդյունքները՝ ակնկալելով, որ հանուն ազատ, անկախ և կայուն զարգացող Արցախի՝ իշխանությունները կանեն համարժեք հետևություններ, մասնավորապես կապահովեն արձանագրված ընտրախախտումների անաչառ, համակողմանի քննությունը, իսկ առաջիկայում լրջորեն կանդրադառնան համակարգային փոփոխությունների սահմանադրական լուծումների մեր քաղաքական պահանջի  իրագործման և ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցերին:

Քարոզարշավի ընթացքում անդրադարձել ենք հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարությանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցավոք, մեր խոսքը լայնորեն չընկալվեց և խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր կուսակցությունը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացված կլինի երեք պատգամավորներով:

Մեր դիրքորոշումների հաստատուն հենքը՝ երկրի անվտանգությանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,  սոցիալական արդարությանը եւ օրենքի գերակայության ապահովմանը միտված աշխատանքներն են:

Շնորհակալություն ենք հայտնում ազատ ու գիտակցված ընտրություն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թվում՝ Հ.Յ. Դաշնակցության շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին:

Ապրիլի 14-ին նախատեսված ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները:

Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից և առկա քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի  նախագահի թեկնածուներից որևէ մեկին:

Անկախ քաղաքական հայացքներից, մեզ բոլորիս միավորում է հայրենիքի բարօրությունն ու զարգացումն առաջ տանելու վճռականությունը»,-ասված է հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: