01/16/2025

Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները

Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները

Կապանի վերանորոգվող օդանավակայանը կսպասի ճգնաժամի ավարտին, իսկ Ստեփանավանինը դեռ պետք է ապացուցի իր անհրաժեշտությունը: Խորհրդային փոքր օդանավակայանների ճակատագրերը դեռ անորոշ են:

2020 թ-ի գարնանը Կապանի օդանավակայանը պետք է Երևանից ընդուներ առաջին չվերթը, եթե չլիներ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամն ու արտակարգ դրությունը: 

Լրագրողները ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարության հետ հեռավար ասուլիսում այսօր Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահ Գալուստ Պողոսյանից հետաքրքրվեցին՝ երբ կյանքի կկոչվի խոստացված ծրագիրը:

«Ոչ ոք չի կարող նշել, թե երբ կգործարկվի Կապանի օդանավակայանը՝ հաշվի առնելով այս իրավիճակը, հաշվի առնելով շինարարությունը, հաշվի առնելով վերահսկողական, սերտիֆիկացման ֆունկցիաները և այլն»,- ասաց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ շինաշխատանքների մեծ մասն արդեն կատարված են ու հույս հայտնեց, որ հետագայում ոչինչ չի խոչընդոտի օդանավակայանի վերագործարկմանը:

Ինչ վերաբերում է Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման հնարավորությանը, Պողոսյանը նշեց, որ դա շատ լուրջ գնահատման աշխատանքներ պահանջող գործընթաց է: Նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ օդանավակայանի պահանջարկեը կա:

«Իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման: Մեր կողմից մշտապես ուշադրության տակ են պահվում ԽՍՀՄ տարիներին գործած օդանավակայանները: Դրանք մեր ուսումնասիրության տակ մշտապես կան»,- ասաց նա:

Բայց որ փոքր ավիացիայի զարգացման միտում կա, Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահը չի հերքում, ինչի մասին, ըստ նրա, վկայում է վերջին 2 տարիների ընթացքում փոքր ինքնաթիռների ու ուղղաթիռների գրանցումների գործընթացը:

Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2019թ-ին և արդեն տարեվերջին դրանք գրեթե ավարտված էին. նավիգացիոն սարքավորումներն արդեն ձեռք էին բերվել, մասամբ` առաքվել: Թռիչքուղու վրա մնում էր միայն ազդանշանային լույսեր տեղադրել:

Նոր օդանավակայանն ունենալու էր շուրջ 2 կիլոմետր երկարություն և 40 մետր լայնություն, ինչի շնորհիվ այնտեղ միաժամանակ կկարողանային վայրէջք կատարել երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։ Կապանի վերագործարկված օդանավակայանը հաշվարկված է մեկ ժամում մինչև 100 ուղևոր ընդունելու կարողությամբ։ Արդեն ձեռք էր բերվել նաև 19-տեղանոց մեկ ինքնաթիռ, որն այժմ պահվում է Երևանի անգարում։

Ավտոմեքենայով Կապանից Երևան հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում: Խորհրդային տարիներին այստեղ օդանավակայան և երկաթուղի էր կառուցվում: 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:

Ինչ վերաբերում է Ստեփանավանի օդանավակայանին, այն ներկայում շատ ավելի անմխիթար վիճակում է, ու դրա վերագործարկման հստակ ծրագիր գոյություն չունի:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: