Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ժամը 20:00-ին փակվում են բոլոր տեղամասերը եւ սկսվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն առաջիկա ժամերին կհրապարակի ընտրություններին մասնակցած անձանց թվերը, իսկ նախնական արդյունքները կամփոփվեն վաղը:
Հիշեցնենք, որ Արցախի ընտրական պատմության մեջ առաջին անգամ երկրում անցկացվում էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Առաջին փուլում 14 թեկնածուներից որեւէ մեկին չէր հաջողվել ստանալ ընտրողների 50 տոկոս+ 1 ձայն: Այսօր նախագահի պաշտոնի համար պայքարում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը ստացել էր ընտրողների կողմ ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:
Մայիլյանն այս փուլին դե ֆակտո չէր մասնակցում, բայց դե յուրե չէր հրաժարվել պայքարից, այսինքն նրա անունը քվեաթերթիկում կար: Այսօրվա ընտրության արդյունքում կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների կողմ ձայների կեսից ավելին:
armtimes.com