01/10/2025

Գորիսում ի հայտ է եկել կորոնավիրուսի մեկ վարակակիր

Գորիսում ի հայտ է եկել կորոնավիրուսի մեկ վարակակիր

Ապրիլի 27-ի օրվա վերջին Գորիսում համառորեն լուրեր էին պտտվում  առ այն, թե Գորիս քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

Ընդ որում՝ նշվում է նաեւ վարակակրի անուն-ազգանունը:

Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավարների հետ հեռախոսով կապվել չհաջողվեց. անհասանելի են կամ չեն պատասխանում:

Հաջողվեց կապ հաստատել Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանի հետ, ով էլ, ի պատասխան մեզ հետաքրքրող հարցի, ասաց. «Ձեզ մտահոգող հարցին պատասխանելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, ներող եղեք, բայց չեմ կարող պատասխանել: Միգուցե դիմեք Լենա Մալինցյանին, ամբողջ օրը մենք նրա հետ էինք աշխատում: Իսկ պաշտոնական տեղեկատվություն միայն պարետատունը կարող է տալ»:

Լենա Մալինցյանը, ով «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի պետի տեղակալն է, ավելի անկաշկանդ եւ անկեղծ գտնվեց. «Այո, ունենք մեկ դեպք, Երեւանից է եկել, այնտեղ՝ «Էրեբունի» հիվանդանոցում իր երեխային էր խնամում: Նրան արդեն իսկ տեղափոխել ենք Երեւան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ունի նաեւ ուղեկցող մի քանի հիվանդություն: Մեզ հաջողվել է ճշտել բոլոր այն քաղաքացիների անուն-ազգանունները, հեռախոսի համարները, տան հասցեները: Այդ ճշտումները կատարելուց հետո բոլորին մեկուսացրել ենք: Խուճապի մատնվելու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է, իսկ մենք շարունակում ենք աշխատել մեկուսացվածների հետ»:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: