01/15/2025

Գորիսում կորոնավիրուսով հիվանդի հետ շփված անձանց մեկուսացմանն առնչվող շատ հարցեր շարունակում են մնալ անպատասխան

Գորիսում կորոնավիրուսով հիվանդի հետ շփված անձանց մեկուսացմանն առնչվող շատ հարցեր շարունակում են մնալ անպատասխան

Ապրիլի 27-ին Գորիսում ի հայտ եկած՝ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը շարունակում է մնալ Սյունիքի մարզի եւ հատկապես Գորիսի տարածաշրջանի բնակչության ուշադրության կենտրոնում:

Արձանագրված փաստին առնչվող մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով Վահրամ Օրբելյանը զրույց ունեցավ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, նախ՝ ի՞նչ տեղեկություններ ունեք վիրուսակրի մասին, մանավանդ որ նա, ըստ տեղի բժիշկների, տարիներ շարունակ ունեցել է ուղեկցող մի քանի հիվանդություն:

- Հիվանդը մեկուսացված է մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ուրիշ տեղեկություններ չունեմ:

- Արդյո՞ք վերջնականապես ճշտվել է վարակակրի հետ շփվածների ամբողջ շրջանակը:

- Վարակակրի հետ շփվածների շրջանակը գրեթե ճշտված է, բայց եւ պետք է նկատի ունենալ, որ դա շարունակական գործընթաց է ու հնարավոր է՝ թիվը աճի:

Առայժմ ամբողջությամբ է ճշտված միայն առաջին մակարդակի կոնտակտավորների շրջանակը:

- Գոնե կարո՞ղ եք ասել՝ մեկուսացումը տներո՞ւմ է կատարվում, թե՞ Գորիսում այդ նպատակով շենք է հատկացվել:

- Կոնտակտավորների մեկուսացումը, ըստ մասնագետների, չի կարող տանը կատարվել: Մեկուսացումն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված տեղում:

- Կարելի՞ է ասել, թե որտեղ է մեկուսացվածներին պահելու վայրը Գորիսում:

- Բնականաբար, ոչ:

- Կարո՞ղ եք ֆիքսել մեկուսացվածների թիվն այսօրվա դրությամբ:

- Մոտ երկու տասնյակ:

-Գորիսի բուժաշխատողների մեջ կա՞ն մեկուսացվածներ:

- Այո, կան, որովհետեւ վարակակիրը, լինելով «Գորիսի բժշկական կենտրոնում», շփումներ է ունեցել տեղի բժիշկների հետ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: