01/13/2025

Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն անսիմպտոմ վարակակիրները

Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն անսիմպտոմ վարակակիրները

Առողջապահության նախարարի տեղակալը հորդորում է յուրաքանչյուր անձի դիտարկել որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողի։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մեկուսացման ռազմավարությունը փոխվում է, և արդեն հյուրանոցներ են տեղափոխվելու կորոնավիրուսով հիվանդ այն վարակակիրները, որոնք կլինիկական սիմպտոմներ չունեն։

«Թվերը բարձրանալու դեպքում մեր ռազմավարությունը փոխելու ենք։ Կարանտինի մեկուսացման ուղարկելու հատուկ վայրերում, որոնք հյուրանոցներն էին, տեղակայելու ենք այն հիվանդներին, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չունեն և դրանով փորձելու ենք միաժամանակ զերծ պահել հիվանդներին տուն ուղարկելուց։ Միաժամանակ, այն պահից սկսած, երբ մենք չենք կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը, նույն այդ հյուրանոցներում և հիվանդանոցներում նույնպես անցնելու ենք նույն ռազմավարությանը` բոլոր թեթև դեպքերում հիվանդին թողնելու ենք տանը և բժշկական հսկողություն ենք սահմանելու նրանց նկատմամբ»,- ասաց նա։

Նախարարի տեղակալը բոլորին կրկին կոչ արեց խստիվ հետևել վիրուսի կանխարգելման կանոներին։

«Պետք է յուրաքանչյուր անձի` լինի դա ձեր հարևանը, բակի ընկերը, թե աշխատանքային գործընկերը, բոլորին դիտարկեք որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդութուն ունեցող անձի»,-ասաց նա։

Հավելենք` կորոնավիրուսի վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 142–ով և դարձել 3860։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ, սակայն կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ը ներառյալ:

Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

 

armeniasputnik.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: