08/08/2020

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ՝ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ՝ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ

Այս տարի վիճակված է այլ պայմաններում եւ ուսումնական տարվա ավարտի այլ մթնոլորտում խոսք ուղղել ձեզ։ Ու թեեւ չունենք ավանդական «Վերջին զանգի» արարողությունը, որին այնքան մեծ անհամբերությամբ միշտ սպասել են հարազատ կրթօջախին հրաժեշտ տվող աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները, այդուհանդերձ, այսօր մեր 12-րդ դասարանցիներն ավարտում են դպրոցը, եւ այդ կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։

Մաղթում եմ, որ այսօրվանից հետո նախաձեռնած ձեր հաջորդ գործերն անցնեն հնարավորինս հարթ ճանապարհով, կարողանաք առավել բնականոն պայմաններում զբաղվել այն ամենով, ինչը նախանշում եք յուրաքանչյուրդ՝ հետագա անելիքները ծրագրելիս՝ ստանաք լավ կրթություն, ձեռք բերեք մասնագիտություն, վարպետանաք արհեստներում եւ արվեստներում, ծառայեք հայրենիքին, նոր հայտնագործություններ կատարեք, ստեղծագործեք․․․ Իսկ ցանկություններն ու նպատակներն իրականացնելիս՝ մնաք արժանավոր հայ, Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի։

Հարգելի՛ ուսուցիչներ, վերջին ամիսների նոր ու դժվարին պայմաններում ապացուցեցիք, որ ձեր աշխատանքի նվիրյալն եք ու ամեն գնով ապահովեցիք մեր աշակերտների կրթություն ստանալու իրավունքը, որի համար շնորհակալ ենք։ Շնորհավորում եմ նաեւ ձեզ՝ հերթական կրթված սերունդը դպրոցից ճանապարհելու այս խորհրդանշական օրվա կապակցությամբ։

Իսկ դուք՝ սիրելի՛ աշակերտներ, ցույց տվեցիք սովորելու ու կրթվելու ձեր պատրաստակամությունը, ու այդ ամենը եղավ, իհարկե, նաեւ ձեր ծնողների ու մանկավարժների համատեղ ջանքերի շնորհիվ։ Թո՛ղ ոչ մի դժվարություն այսուհետ եւս չթուլացնի ուսման հանդեպ ձեր սերն ու հարգանքը։

Բարի՛ երթ 2019-2020 ուստարվա մեր բոլոր շրջանավարտներին․ վստահորե՛ն ու լավատեսությամբ քայլեք առաջ, հավատացե՛ք ձեր ուժերին, եւ թո՛ղ կյանքի կոչվեն ձեր բոլոր գեղեցիկ երազանքներն ու ցանկությունները։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: