01/13/2025

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց

Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին՝ Խորեն Միրզոյանը, քիչ առաջ ազատ արձակվեց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ, բավարարեց իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Միրզոյանը ձերբակալման որոշումը: Ըստ Սարգսյանի՝ իր պաշտպանյալը նախապես ծանուցված չի եղել, փողոցից բռնել, տարել են բաժին, ապա՝ ձերբակալել. «Դատարանը գտել է, որ բացակայել է ձերբակալման նպատակը»,- նշեց Սարգսյանը:

Խորեն Միրզոյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ, պաշտպանի խոսքով՝ կասկածանքը չի ընդունում. «Ակնհայտ անհիմն ձերբակալում էր, պատրաստվում են մեղադրանք առաջադրել, դա էլ է անհիմն»: Հարցին՝ պաշտպանական կողմին հայտնի՞ է՝ արդյոք նրան արդեն մեղադրանք են առաջադրել, Հովսեփ Սարգսյանն ասաց, որ իրենց հայտնի չէ, բայց  քննիչները հայտարարել են, որ որոշումները պատրաստ են. «Դեպքը մի ամիս առաջ է տեղի ունեցել, այդ ենթադրյալ մարդը, որ ցուցմունք է տվել, ասել է, թե իր վրա կրակել են, բայց դատաբժշկական փորձաքննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նրա վրա անգամ թեթեւ վնասվածքի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ են, եղունգի ճանկռածներ»,- նշեց նա:

Այսօր ազատ էին արձակվել մյուս երկու ձերբակալվածները եւս: Նրանց ձերբակալման որոշումները դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ են ճանաչվել:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: