01/12/2025

Նպատակը ոչ թե պատժելն է, այլ քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելը. վարչապետը՝ տուգանքների մասին

Նպատակը ոչ թե պատժելն է, այլ քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելը. վարչապետը՝ տուգանքների մասին

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակում կառավարության նպատակը ոչ թե պատժելն է, այլ քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելը: Այս մասին առցանցում ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե վարչապետի կողմից պատկան մարմիններն ինչպիսի՞ հանձնարարականներ են ստացել, ի՞նչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում՝ հասարակական գիտակցության մեջ դիմակի կրման, սոցիալական հեռավորության և հիգիենայի պարտադիր կանոնների պահպանման արմատավորման համար:

«Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության: Եվ դա վերաբերվում է և ուղևորներին, և վարորդներին, և ձեռնարկատերերին, և պետական հիմնարկների աշխատողներին: Այս մասով մենք վարչական լծակներ պետք է գործադրենք և դրա շրջանակը ընդլայնենք: Եվ սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ օգնելը, քաջալերելը, ինչ-որ տեղ վարչական լծակ գործադրելը, որ քաղաքացիական գիտակցության մակարդակը բարձրանա»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ  այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել, հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել: Մայիսի 26-ից ռեյդերի պրակտիկա է կիրառվում: «Այսօր առավոտյան միայն մեկ վարչական շրջանում 2 ժամվա գործողության ընթացքում 35 տաքսի մեքենայի վարորդ է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտային տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության: Երեկ Կասկադի ամբողջ սրճարաններն ու ռեստորանները փակվեցին: Եվ մենք, այո, այս առումով գնալու ենք շատ խիստ մեթոդների»,-նշեց վարչապետը:

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին սահմանափակումները տնտեսվարողների նկատմամբ ծավալային առումով շեշտակի աճել են: «Կանոնների պահպանումն, իհարկե, բխում է հենց նույն տնտեսվարողների և այն անձանց շահերից, որոնք, օրինակ, առևտուր են անում: Ինչպես վարչապետն ասաց՝ մեր նպատակը պատժելը և տուգանելը չէ, մեր նպատակն է, որ նոր վարքագիծ ձևավորվի, և այդ վարքագիծը դառնա նոր նորմալ»,-ասաց Ավինյանն ու նշեց՝ այդ վարքագիծը թույլ կտա նվազագույնի հասցնել համապատասխան տնտեսվարողների մոտ վարակի տարածման հավանականությունը:

Պարետի խոսքով՝ օրական նմանատիպ սահմանափակումներ կիրառվում են մոտ 100-ից ավելի տնտեսվարողների մոտ: Նա հույս հայտնեց, որ այդ թիվը ժամանակի ընթացքում կնվազի, ոչ թե կաճի:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: