01/12/2025

Էդգար Թոխսանց. «Կարծում եմ՝ պետական մակարդակով արժեր մտահոգվել գյուղատնտեսության համար հույժ կարեւոր՝ անասնաբույժի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու խնդրով»

Էդգար Թոխսանց. «Կարծում եմ՝ պետական մակարդակով արժեր մտահոգվել գյուղատնտեսության համար հույժ կարեւոր՝ անասնաբույժի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու խնդրով»

Անասնաբուժական աշխատանքի մոտ 50 տարվա կենսափորձ ունեցող Էդգար Թոխսանցը 1995-2000 թթ. գլխավորել է Սյունիքի մարզի անասնաբուժական ծառայությունը, 2005-11 թթ. ղեկավարել է Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կառույցը, 2011 թվականից «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության պատասխանատուն է:

Ճանաչված անասնաբույժ Էդգար Թոխսանցից փորձեցինք իմանալ բնագավառին առնչվող եւ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի պատասխան:

-Պարոն Թոխսանց, նախ կուզենայինք պատկերացում կազմել «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային լաբորատորիայի մասին, որի ղեկավարն եք Դուք:

-Ձեր իսկ նշած ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցն է մեր լաբորատորիան, գտնվում է Գորիս քաղաքում, մասնաճյուղ ունի Կապանում:

Հիմնականում զբաղվում ենք գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզի հետազոտությամբ:

Լաբորատորիայում աշխատում է յոթ մասնագետ, իսկ ամռանը եւ աշնանը, պայմանավորված աշխատանքների ծավալի մեծացմամբ, ավելանում է աշխատողների թիվը:

Միեւնույն ժամանակ խորհրդատվություն ենք իրականացնում անասնատերերի շրջանում՝ հիվանդությունների կանխարգելման հարցերով, թեեւ դա մեր գործառույթների մեջ չի  մտնում:

Ասեմ նաեւ՝ մեր աշխատանոցը հանրապետության լավագույն լաբորատորիաներից է: Այն հագեցած է ամենաարդիական սարքավորումներով: Դրանք ճիշտ եւ արդյունավետ գործածելու նպատակով աշխարհի մի քանի երկրներում մասնակցել ենք միջազգային դասընթացների:

-Փորձենք գնահատել բրուցելյոզի հետ կապված վիճակը Սյունիքում:

-Վիճակը բարվոք է, բռնկումներ չունենք մարզում:

Իհարկե, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս հատուկենտ հիվանդ անասուններ, ինչի մասին անմիջապես տեղեկացնում ենք անասնաբուժական տեսչական մարմնին, որն էլ ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

-Սովորաբար մայիս ամսվա վերջին օրերին ու  հունիսի սկզբին ե՛ւ մարզի հարավային գոտուց, ե՛ւ Արցախի Հանրապետության տարածքից ոչխարի հոտերը, կովերի նախիրները տեղափոխվում են Սյունիքի հեռավոր եւ բարձր լեռնային արոտավայրեր:

Ավանդաբար հեռավոր արոտավայրեր տեղափոխվող անասունների վիճակը՝ այդ նպատակով հիմնված անցակետերում ստուգվել է անասնաբուժական ծառայության կողմից, որից հետո է միայն թույլատրվել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների տեղափոխումը:

Իսկ հիմա՞… Հիմա  նույնպե՞ս իրականացվում է կանխարգելիչ այդ միջոցառումը:

-Դա տեսչական մարմնի լիազորությունների մեջ է մտնում, այդ մարմնի ղեկավարները կարող են հիմնավոր պատասխան տալ Ձեր հարցին:

Ես միայն հետեւյալը կասեմ. տեղափոխվող անասունների վերաբերյալ (ըստ նախիրների, հոտերի, երամակների) տրվում է անասնաբուժական N 1 ձեւը (տեսչությունն է տալիս):

Այդ փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում այն մասին, թե տվյալ հոտում կամ նախիրում ինչ պատվաստումներ են արված, ինչ հետազոտություններ են կատարված: Փաստաթղթում նշվում է նաեւ հարցի պատասխանը՝ արդյո՞ք  հոտը կամ նախիրն ապահով տարածքից են տեղափոխվում, թե՞ ոչ:

Միայն այդ հարցերի հստակ եւ դրական պատասխանի դեպքում կարող են անասուններն անարգել տեղափոխել հեռավոր եւ բարձր լեռնային արոտավայրեր:

-Ո՞վ է, այնուամենայնիվ, անասնաբուժական ծառայության հիմնական պատասխանատուն մարզում:

-Մարզի ամեն մի տարածաշրջան ունի համաճարակաբան: Նրանցից մեկն էլ համարվում է գլխավոր համաճարակաբան:

Ներկայումս մարզի գլխավոր համաճարակաբանը Սիսիանի տարածաշրջանի անասնաբույժն է:

Դա պետական ծառայություն է եւ մտնում  է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մեջ:

Հենց այդ ծառայությունն էլ հանդիսանում է մարզի անասնաբուժական ծառայության գլխավոր պատասխանատուն:

-Իսկ գյուղերում, քաղաքներում ո՞վ է իրականացնում այդ ծառայությունը:

-Տվյալ գյուղի կամ քաղաքի անասնաբույժը, ով պայմանագրային հարաբերությունների մեջ է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Վերջինս  համայնքային անասնաբույժներին տրամադրում է  անհրաժեշտ պատվաստանյութեր՝ պետպատվերի շրջանակում նախատեսված հիվանդությունների դեմ պայքարելու համար: Նկատի ունեմ սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, խոզերի ժանտախտ, թռչունների ժանտախտ, խոշորի ծաղիկ  հիվանդությունները:

Այդ պատվաստումները, ինչպես նշեցի, իրականացվում են պետպատվերի շրջանակում, ուստի եւ անվճար են անասնատերերի համար:

Մնացած բոլոր հիվանդությունների դեպքում բուժումներն ու պատվաստումները կատարվում են անասնատիրոջ հաշվին :

Գյուղի, քաղաքի անասնաբույժը ղեկավարվում է տվյալ տարածքի համաճարակաբանի կողմից:

-Որպես երկար տարիների փորձառու անասնաբույժ, նաեւ ոլորտի կազմակերպիչ, բավարա՞ր եք համարում անասնաբուժական ծառայության ներկայիս կերպը:

-Մեծ խնդիրներ, որպես այդպիսին, չունենք: Բայց եւ ցանկալի է, որ լինեն  համայնքային անասնաբույժներ, ովքեր պետպատվերից զատ անասնատերերին ցույց կտան անասնաբուժական այլ ծառայություններ եւս. դրա կարիքը  զգացվում է:

-Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բազում խնդիրներ կան այդ ոլորտում, թեեւ Դուք վիճակը բավարար եք գնահատում: Օրինակ, համայնքների անասնաբույժները հինգ ամիս շարունակ աշխատավարձ չէին ստանում…

-Հարցը դարձյալ մեր լիազորությունների մեջ չի մտնում, բայց, որքանով տեղյակ եմ, դա օբյեկտիվ պատճառներ ուներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նորաստեղծ կառույց է, եւ աշխատավարձի ուշացումը պայմանավորված էր զուտ կազմակերպական ընթացակարգերով:

-Մի ուրիշ խնդրի մասին, որին բախվում ենք մարզի գրեթե բոլոր բնակավայրերում. կադրերի խնդիրը…

-Ձեր դիտարկումը հիմնավոր է եւ տեղին: Անասնաբուժական կադրերի խնդիրը սուր է ամենուր: Երբեմնի ամենահեղինակավոր՝  անասնաբույժի մասնագիտությունը, վաղուց գրավիչ չէ երիտասարդների համար: Հատուկենտ են այն պատանիները, ովքեր հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո գնում են սովորելու բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տվյալ մասնագիտությամբ կրթություն ստանալու:

Անշուշտ, կա նաեւ ցածր աշխատավարձի խնդիր:

Կարծում եմ՝ պետական մակարդակով արժեր մտահոգվել գյուղատնտեսության համար հույժ կարեւոր այդ մասնագիտության վարկանիշը, գրավչությունը բարձրացնելու հարցով:

-Շատերին հետաքրքրող եւս մեկ խնդիր. նոր կորոնավիրուսը, որ ալեկոծել է ամբողջ աշխարհը,  գյուղատնտեսական կենդանիներին նույնպե՞ս վարակում է:

- Համաճարակի մեր օրերում ամենաքննարկվող հարցերից մեկն է: Տարբեր տեսակետներ են հնչում: Բայց եւ կարող եմ հավատացնել՝ դեռեւս որեւէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց չկա առ այն, որ ընտանի կենդանիները կարող են այդ վիրուսի վարակակիր լինել:

-Իսկ գյուղմթերքների դեպքո՞ւմ…

-Վաճառվող մսի օրինակը բերեմ… Վաճառողի մոտ պետք է առկա լինի անասնաբուժական N2 ձեւը, որը տրվում է համապատասխան ծառայության կողմից:

Յուրաքանչյուր քաղաքացի միս գնելիս կարող է պահանջել այդ փաստաթուղթը եւ համոզվել, որ այն  ռիսկեր չի պարունակում:

Ներկայումս մարզի գյուղատնտեսական կենդանիների շրջանում որեւէ հիվանդության բռնկման փաստ չունենք, ուստի եւ արտադրվող ու վաճառվող մթերքն ապահով վիճակում է:

-Ընդդեմ ներկայիս համաճարակի երկրի մասշտաբով միջոցառումներ են իրականացվում: Ճիշտ է, դրանք առանձնապես դրական արդյունք չեն տալիս, բայց որոշակիորեն զսպում են համաճարակի ավելի խորացումը: Եթե բնակավայրերում շատ թե քիչ վերահսկվում է հակահամաճարակային վիճակը, ապա ի՞նչ կարելի է ասել հեռագնա արոտավայրերում առաջիկա մի քանի ամսում բնակվող անասնապահների մասին. ամեն մի ֆերմայում տասնյակ մարդիկ են գտնվում…

- Ես չէ, որ պետք է պատասխանեմ կարեւոր այդ հարցին: Բայց եւ կարծում եմ՝ իրենք՝ անասնապահներն ու անասնատերերը պետք է նախեւառաջ մտահոգվեն այդ խնդրով, կատարեն պարետատան բոլոր հրահանգները, հետեւեն իրենց հիգիենային, որը, խոստովանենք,  հեռագնա յայլաղներում, հասկանալի պատճառներով, այնքան էլ դյուրին չէ իրականացնել:

-Անասնաբուժական պատվաստանյութերի խնդիրը. մարզում ունե՞նք համապատասխան լիցենզավորված խանութներ, առեւտրի կետեր:

-Այդ առումով խնդիրներ չունենք, կան լիցենզավորված խանութներ:

Պետպատվերի շրջանակում իրականացվող միջոցառումների համար անհրաժեշտ պատվաստանյութերը, բնականաբար, առեւտրային ցանցում չկան, դրանք մատակարարվում են պետական պատկան ծառայությունների կողմից եւ անվճար:

Մյուս դեպքերում անհրաժեշտ դեղամիջոցները կարելի է ձեռք բերել համապատասխան խանութներից:

-Չենք կարող շրջանցել մեկ այլ թեմա. ամիսներ առաջ ամբողջ հանրապետությունում աղմուկ էր բարձացել սպանդանոցների խնդրի շուրջ:

Հուլիսի 1-ին, ըստ կառավարության որոշման, սպանադանոցները պետք է գործեն, ուրիշ ճանապարհ չկա:

Սյունիքում հուլիսի 1-ից կունենա՞նք այդ սպանդանոցները, արդյո՞ք գյուղացին չի տուժի դրանից:

-Միայն Գորիսի տարածքում 4-5 սպանդանոց է ներկայումս կառուցվում, որոնք սահմանված ժամկետում կկարողանան սպանդի համար անասուններ ընդունել:

Գյուղացին, միանշանակ, չի տուժի դրանից, գրեթե բոլոր հարցերն ունեն իրենց ողջամիտ պատասխանը:

Միգուցե եւ միջնորդները նախկինի պես շահույթ ստանալու հնարավորություն չունենան, բայց գյուղացու համար խելամիտ ձեռնարկում է այդ ճանապարհով անասունների իրացումը:

Մյուս կողմից՝ այդ միջոցառման իրականացումը մի նոր եւ բարձ աստիճանի կհասցնի սննդի անվտանգությունը, որը, հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, մտահոգում է յուրաքանչյուրիս:

-Պարոն Թոխսանց, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

-Ես էլ շնորհակալ եմ «Սյունյաց երկրին», որ դժվարին մեր օրերում ուշադրություն է դարձնում նաեւ մարզում իրականացվող անասնաբուժական ծառայությունների դրվածքին:

 

Զրույցը՝  Աննա Ալեքսանյանի

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: