01/12/2025

Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ. Փաշինյան

Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ. Փաշինյան

«Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց, վարչական համակարգ, որն այս մասշտաբի հարցը կարողանա լուծել»,- կորոնավիրուսի մեծ թվով նոր դեպքերի վերաբերյալ խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Որովհետև այն ինչ ես տեսա ձեր օգնությամբ ուղղակի կատաստրոֆա է: Ուժային կառույցը ժամացույցի նման աշխատի այս խնդիրը չի կարող կարգավորել: Ես ուզում եմ՝ մենք սա արձանագրենք: Հարցը պատասխանատուի մեջ չէ, ես եմ պատասխանատու, բայց դրանից բա՞ն է փոխվում մահացողների հարազատների համար»,- նշեց Փաշինյանը:
 
«Դպրոցներում ի՞նչ է կատարվում, բանկերում, շուկաներում, «Հայփոստում», Արարատյան մաքսատանը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ կառավարությունն առանձին ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը, եթե հասարակության մեջ յուրաքանչյուրն այն իրենը չի համարում:
 
«Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն սպառվելու են, որովհետև այս տեմպը մի օրում հնարավոր չի կանգնեցնել, և ես համոզված եմ, որ եթե պահեինք այն կանոնները, որ պետք է պահեինք, 95 տոկոսով պակաս ցուցանիշ կունենայինք: Պետք է ամեն մեկս մեր սխալն ընդունենք և մի քայլ հետ անենք այս անդունդ տանող ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,- ասաց նա՝ նշելով, որ դա չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է իր զգոնությունը թուլացնի:
 
«Ես հնարավորություն եմ տեսնում, որ մենք ի վերջո փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, կանոնի նկատմամբ, օրենքի նկատմամբ, դիմացինի անվտանգության նկատմամբ:
 
Սա մեր ընդհանուր խնդիրն է, և պետք է իրար հետ լուծենք այս խնդիրը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: