01/12/2025

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի նոր փուլի մասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախօրեին հանրապետությունում առաջին անգամ եղել են 8 վարակակիրներ, որոնք բոլորն էլ սահմանային Նոր Խարխափուտի հսկիչ կետում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ են և իրենց ընտանիքի անդամներ ու հարազատներ:

Համավարակի տարածմամբ Արցախում առկա վիճակը պայմանավորված է Հայաստանում տիրող վիճակով: Ամեն օր Հայաստանից Արցախ են ժամանում ավելի քան 500 հայրենակիցներ, ինչը, ըստ Նախագահի, ավելի է մեծացնում հավանականությունը, որ նրանց շարքերում կլինեն մարդիկ, ովքեր կրում են վարակը և վարակի պոտենցիալ տարածողներ են:

«Պետք է հստակեցվեն մեր քայլերը: Մենք կփորձենք խստացնել մուտքի և ելքի սահմանափակումները, և նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է սահմանային անցակետերում արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը: Այդ առումով դեռևս խնդիրներ ունենք, քանի որ, ըստ մասնագետների, արդյունավետությունը բարձր չի լինելու»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ եղել են փոքր սխալներ, որոնց արդյունքում էլ հսկիչ կետերում աշխատողների մոտ արձանագրվել է վարակը, ինչն էլ թույլ է տալիս արձանագրել, որ հսկիչ կետերում աշխատողները բավարար պայմաններ չեն ապահովել: Այս առումով Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ նախատեսվել են մի շարք քայլեր:

Արցախի Նախագահը ներկայացրել է նաև Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի արդյունքում արձանագրված վերջին տվյալները: Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, գրանցվել է 57 դեպք, առողջացել՝ 26 քաղաքացի: Առ այսօր, վարակակիրների մեջ ծանր դեպքեր չեն գրանցվել, բարեբախտաբար, մահվան դեպքեր՝ ևս:

Ի դեպ, այսօր առավոտյան ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանի հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ հավաքագրել կամավորական մեծ խումբ, որի անդամներն ամենուր պետք է աշխատեն հասարակության հետ՝ այդ ընթացքում խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«Փորձում ենք հանրային գիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ ճիշտ աշխատանք կատարել: Վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք, իսկ զգոնությունը թույլ է տալու կանխարգելել հետագա տարածումը: Համոզված եմ, որ մեր հասարակական գիտակցության ու պատասխանատվության աստիճանն այնքան բարձր է լինելու, որ Արցախը կարողանալու է շրջանցել այս վտանգը և չհայտարարված պատերազմում չերևացող թշնամու դեմ, ինչպես միշտ, հաղթելու է»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:

   
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: