01/12/2025

Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին. Փաշինյանն առաջարկեց նոր ընկալում

Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին. Փաշինյանն առաջարկեց նոր ընկալում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պետական բյուջեի վերաբերյալ ձևավորել նոր ընկալում՝ բյուջեն բոլորի ընդհանուր դրամապանակն է, այն ձևավորում են բոլորը՝ ընդհանուր կարիքները հոգալու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ միանալով տեսակապով:

«Մենք ունեինք բյուջեի հին ընկալում և հիմա պետք է ձևավորենք բյուջեի նոր ընկալում: Մարդկանց հին ընկալումը հետևյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, որպեսզի մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Եվ իմ կարծիքով՝ բյուջեի հին և նոր ընկալումների բանաձևը հստակ այն սահմանն է, որը բաժանում է պետականության կամք ունեցող ժողովրդին պետականության կամք չունեցող ժողովրդից: Եվ ես համոզված եմ, որ մենք իհարկե գնում ենք այս ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
 
Սակայն վարչապետը նկատեց, որ 2019-ին բյուջե չի մուտքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն և իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավելի լինել մինչև օրինակ 400 մլրդ դրամ: Նա կարևորեց մտածողության փոփոխությունը՝ չթերագնահատելով նաև վարչարարությունը: «Որոշ դեպքերում այդ հարկադրման գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական և փիլիսոփայական առումով ժողովրդի համար կարգապահությունը, այդ թվում բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն»,-նշեց նա:

Վարչապետը նկատեց՝ պետական բյուջեն անվտանգություն է: ՀՀ քաղաքացիները չեն կարող յուրաքանչյուրն իրենց, իրենց ընտանիքի համար առանձին անվտանգություն կառուցել: Քաղաքացիները հարկերի ձևով վճարումներ են կատարում, որ կառավարությունը իրականացնի ընդհանուր կարիքի ապահովումը: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: