01/12/2025

Արցախ մուտքի թույլտվություն կունենան միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով քաղաքացիները

Արցախ մուտքի թույլտվություն կունենան միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով քաղաքացիները

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները:
 
«Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝ ամենուրեք խստացնելով վերահսկողությունը և պարետատան սահմանած կանոնները, ինչը առաջին հերթին կփոփոխի համավարակի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը և էլ ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի համավարակի դեմ պայքարի աշխատանքները»,- ասել է հանրապետության ղեկավարը:
 
Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, և մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները:
 
Ավելի է խստացվում վարակի օջախ հանդիսացող՝ փակ տարածություններում, հանրային օբյեկտներում և մարդաշատ այլ վայրերում շնչադիմակ կրելու, ախտահանիչ նյութեր օգտագործելու պահանջն ու վերահսկողությունը:
 
Խորհրդակցության ավարտին Ա. Հարությունյանը հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին և պահանջել հետամուտ լինել դրանց կատարմանը:
 

artsakhpress.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: