01/12/2025

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:

«Սիրելի հայրենակիցներ, այժմ ես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եմ և եկել եմ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այստեղ են առողջապահության նախարարը, հիվանդանոցի տնօրենը: Իհարկե, իմ արտահագուստը հարց կառաջացնի. քանի որ ես վարակվել և լավացել եմ, ինչո՞ւ եմ այսպես հագնված: Նախարարն ինձ ասաց, որ որոշակի արարողակարգեր կան, կարգ կա սահմանված, և հիվանդանոց մուտք գործելիս պետք է այդ կարգին համապատասխան տեսք ունենալ, որովհետև տարբերակում չկա վարակված և չվարակված քաղաքացիների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կփորձի շփվել մեր հայրենակիցների հետ՝ միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:

ՀՀ վարչապետը մանրամասն հետաքրքրվեց, թե վարակակիրներն ինչ հանգամանքներում են վարակվել, ինչպես են հաղթահարում վարակը: Հիվանդներից շատերը խոստովանեցին, որ իրենց լավ են զգում և արդեն առողջանում են:

Ավարտելով շրջայցը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատեցին ծայրահեղ ծանր հիվանդներին ցույց չտալ, բայց տեսարանը ճնշող էր: «Լավ եղեք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  70 000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: