01/12/2025

Էստոնիան Լոռու բուժհաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում

Էստոնիան Լոռու բուժհաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում

Էստոնիան Լոռու մարզի բժշկական հաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո գրել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը:

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Էստոնիան աջակցում է Հայաստանին՝ Լոռու մարզի բժշկական հաստատությունների համար բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ գնելու միջոցով»,- գրել է Կալյուլայդը:

Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների շուրջ, քննարկել համագործակցության հնարավորությունները համավարակի դեմ պայքարում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հատնել Էստոնիայի նախագահին՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) 30 հազար եվրո տրամադրելու համար, որն ուղղվելու է համավարակի դեմ պայքարին և համապատասխան բժշկական պարագաների ձեռքբերմանը:

Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես ընդգծելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի առկայությունն, այդ թվում նաև՝ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը: Այս համատեքստում նշվել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աշնանը Էստոնիա նախատեսվող պաշտոնական այցը նոր խթան կլինի երկու բարեկամ երկրների համագործակցության խորացմանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: