01/11/2025

Օգնե՛ք բժիշկներիս, ավել ժամանակ չունենք խոսելու և քննադատելու համար. բժիշկ Հարությունյան

Օգնե՛ք բժիշկներիս, ավել ժամանակ չունենք խոսելու և քննադատելու համար. բժիշկ Հարությունյան

«Կապան» ԲԿ-ի մանկական բաժնի վարիչ բժիշկ Արարատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով համավարակի պայմաններում քաղաքականությունը մի կողմ դնել և օգնել բժիշկներին:

«Ես չեմ խոսում քննադատելու, նախատելու, գովաբանելու  կամ պարզապես խոսալու համար: Եվ ես ոչ թե խնդրում, այլ պարզապես պահանջում և կոչ եմ անում ՀՀ-ի բոլոր քաղաքական ուժերին՝ լինեն խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական, քաղաքացիական և հասարակական բոլոր կառույցներին և ինստիտուտներին, որոնք ունեն այսօր որևէ քաղաքական ուղղվածություն և որոշակի շահեր են հետապնդում, անհատներին, բոլոր բոլորին... Որոշ ժամանակով թողե՛ք քաղաքական ենթատեքստեր կրող ելույթները, զե՛րծ մնացեք քաղաքական բնորոշումներից և արտահայտություններից՝ անկախ նրանից, թե ո՞վ է սխալվել, ո՞ւմ է ինչ ձեռնտու, ո՞վ է ինչի տակ թաքնված, ո՞վ է անմեղ կամ մեղավոր, ո՞ւմ կողմից է ղեկավարվում կամ չի ղեկավարվում այս ամենը:

Սրանք, իհարկե, բավականին կարևոր հարցեր են, բայց, որպես բժիշկ, հավատացնում եմ՝ ո՛չ հիմա, ո՛չ մեր ժողովրդի համար այս ծանրագույն իրավիճակում: Ինչպես բոլորս միակարծիք ու միանպատակ ենք, երբ ժողովրդի ասած՝ «դանակը ոսկորին է հասնում», այս անգամ մի քիչ շուտ համախմբվենք և թույլ չտանք դանակին հասնել ոսկորին:

Օգնե՛ք մեզ՝ բժիշկներիս, անխոչընդոտ կատարել մեր աշխատանքը, իսկ ձեր քաղաքական վերլուծությունների համար դեռ շատ ժամանակ կունենաք:

Ես կոչով դիմում եմ բոլոր բժիշկներին, որպեսզի նրանք նման պահանջով ևս հանդես գան: Այս պահին մենք ավել ժամանակ չունենք ուղղակի խոսելու և քննադատելու համար, մենք պետք է լծվենք աշխատանքի, մենք պետք է միասին հաղթահարենք այս վիրուսը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և ընտրած գաղափարախոսությունից»,-գրել է բժիշկը: 

24news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: