01/11/2025

Իշխանությունների հաջորդ քայլը ՍԴ հարցը կարգավորելն է. Վենետիկից պատասխանել են․ «Ժողովուրդ»

Իշխանությունների հաջորդ քայլը ՍԴ հարցը կարգավորելն է. Վենետիկից պատասխանել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել:

Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի: Այսինքն՝ վեթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: