01/11/2025

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները

ՀՀ ՍԴ-ն նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում ԱԺ-ի կողմից այս տարվա հունվարին ընդունված փոփոխությունները:

«Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է.

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»,- տեղեկացնում է ՍԴ-ն:

Հիշեցնենք, դեռ 2019 թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել այս օրինագծին՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:

Օրինագիծը նախատեսում էր վերացնել ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը, առանձին դեպքերում ստեղծել հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում էր հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Նախագծի վերաբերյալ պարզաբանում էր տարածել նաև ԿԲ-ն՝ ընդգծելով, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: