08/11/2020

Ֆրանսերեն լեզուն դասավանդող ուսուցիչն արդեն հայտնի է

 Ֆրանսերեն լեզուն դասավանդող ուսուցիչն արդեն հայտնի է

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում ֆրանսերեն լեզվի ուսուցչի թափուր տեղի  համար մրցույթ էր: Այդ տեղին հավակնում էին երկու թեկնածու: Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ գրավոր եւ բանավոր:  Ամեն փուլում հարցաշարն ընդգրկում է 100 հարց: Հարցաշարերը հաստատվել են ՀՀ կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից: Նախարարության կողմից մշակվել են նաեւ հարցերի պատասխանները:

Սկսվում է մրցույթի 1-ին փուլը, որը գրավոր է :  Դրա համար տրվում է 2 ժամ ժամանակ: Ընդ որում` 100  հարցից 95-ի պատասխանը ճիշտ լինելու դեպքում  համարվում է, որ թեկնածուն հաղթահարել է 1-ին  փուլը եւ իրավունք է ստանում մասնակցելու 2-րդին:

Երկու թեկնածուներն էլ՝ Լիլիա Մաթեւոսյանը եւ Լիդա Բաբալարյանը հաջողությամբ  մրցույթի 2-րդ  փուլ են անցնում: Լիլիան  100-ից 100 միավոր է վաստակում, Լիդան՝ 100-ից՝ 95:

Մեկ ժամ հայտարարվում է ընդմիջում, որից հետո սկսվում է մրցույթի 2-րդ փուլը՝ բանավորը:  Այս փուլում թեկնածուներին տրվում է 15 րոպե ժամանակ՝ պատրաստվելու համար: Նրանք 100 հարցից պիտի քաշեն 5-ը:  Հինգ հարցից առնվազն 4-ին թեկնածուն պետք է կարողանա ճիշտ պատասխանել: Մինչ այդ կատարվում է  վիճակահանություն՝ ով պետք է առաջինը պատասխանի:  Առաջինը պատասխանելու իրավունքը ստանում է Լիդան: Նա  քաշում է  հինգ հարց: Պատրաստվելուց հետո սկսում է պատասխանել:  5 հարցից Լիդան 4-ին ճիշտ է պատասխանում: Հերթը հասնում է Լիլիային.  5 միավորից հավաքում է 5 միավոր: Ընդհանուր արդյունքներով  դպրոցում ֆրանսերեն լեզու առարկան դասավանդելու իրավունքը ստանում է Լիլիա Մաթեւոսյանը:

 Հանձնաժողովի անդամները շնորհավորում են երկու թեկնածուին այն բանի համար, որ Լիլիան հաղթեց մրցույթում, իսկ Լիդան իսկական հայտնություն էր հանձնաժողովի համար  ու նրանք շատ ուրախ են, որ այդպիսի երիտասարդները ցանկանում են աշխատել դպրոցում:

 Ելույթ ունեցան նաեւ թեկնածուները: Լիդան ասաց.

- Թեեւ ես չեմ հաղթել, բայց շատ գոհ եմ հանձնաժողովից: Մրցույթը թափանցիկ էր, կողմնակալություն չկար: Այստեղ ես ծանոթացա շատ լավ մարդկանց հետ եւ ինձ համար հաճելի կլիներ նրանց հետ աշխատելը, եթե հաղթեի: Բոլորիդ ցանկանում եմ  մանկավարժական բեղուն գործունեություն:

 

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: