01/10/2025

Ասել, թե ճգնաժամային պայմաններում գույքահարկ է ավելանում, այնքան էլ արդարացի չէ. Թունյան

Ասել, թե ճգնաժամային պայմաններում գույքահարկ է ավելանում, այնքան էլ արդարացի չէ. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, որի արդյունքում նախատեսված է գույքահարկի աստիճանական բարձրացում:

Խոսելով շրջանառվող տեսակետի մասին, թե ճգնաժամային պայմաններում իշխանությունը գույքահարկ է ավելացնում, Թունյանը նշեց. «Սա սխալ ընկալման արդյունք է, որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որ հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որ ընդունվել է անցած տարի: Հիմա այս նախագծով փորձում ենք մեղմել էդ նախագծի էֆեկտը»:

Ըստ Թունյանի՝ գործող համակարգը հարկման մի քանի շեմ ունի, բնակարանի դեպքում՝ առավելագույնը 40 մլն դրամ, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը: «Վերագնահատման արդյունքում գույքի զգալի մասն ընկնում է բարձր շեմից վերև, ըստ այդմ, հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում: Բայց մենք էս պահին մեղմում ենք ազդեցությունը, սահուն ժամանակահատված ենք դնում՝ 6 տարվա, որ մարդիկ էդ բեռն աստիճանաբար չզգան: Վերջապես պետք է նկատի ունենանք, որ նոր կանոններով առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թ. դեկտեմբերին, ընդ որում՝ նոր գույքահարկի 25 տոկոսի չափով: Այսինքն՝ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի ավելացման մասին, այնքան էլ արդարացի չէ»,- շեշտեց Թունյանը:

Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ գումարները գնալու են համայնքային բյուջեն: «Եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է ընդունել, որ դրանց պետք են որոշակի եկամուտներ: Այդ գումարները չեն ծախսվում պատգամավորների կամ նախարարների անձնական նպատակներով: Դրանք ծախսելու է համայնքի ավագանին՝ իր սեփական միջոցներով: Այլ հարց, որ համայնքների եկամուտների ավելացմանը զուգահեռ բոլորս պետք է ավելի պահանջատեր լինենք, հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնենք համայնքային ավագանիների առաջ: Մի բան է գումարները հավաքագրելը, մի բան է ծախսելը»,- ասաց նա:

 

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: