01/10/2025

ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի

ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն առաջարկում է փոխել 10 տարի կիրառվող, բայց օգուտ չտված դպրոցական գնահատման համակարգը։

Դպրոցներում 10 բալանոց գնահատման համակարգին անցնելուց անցել է շուրջ տասը տարի, բայց կրթության որակն ու բովանդակությունը ոչ միայն չեն փոխվել, այլև առաջացել են նոր լուրջ խնդիրներ: Կատարած ուսումնասիրությունների արդյունքում նման եզրակացության են հանգել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում: 

Առկա խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է վերանայել գործող պետական չափորոշիչները:

Փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման e-draft հարթակում: 

Նախագծում առաջարկվում է մինչև 5-րդ դասարանում սովորող երեխաներին ընդհանրապես գնահատականներ չնշանակել և գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Այս կերպ, նախագծի հեղինակների համոզմամբ, երեխաները կսովորեն ոչ թե հանուն գնահատականի, այլ հանուն գիտելիքի:

Բանն այն է, որ նախարարության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող գնահատման համակարգում ուսուցիչը հաճախ երեխային ցածր է գնահատում նրան պատժելու համար:

«Տասնամյակներ շարունակ` այս սկզբունքով սովորող աշակերտը ձգտում է լավ հիշել սովորածը՝ գնահատական ստանալու համար, իսկ ուսուցիչը դասավանդում է այնպես, որ աշակերտներն ուսումնասիրված գիտելիքը հիշեն մինչև թեմատիկ գրավոր աշխատանքը կամ քննությունը»,- նշում է նախարարությունը։

Նախագծում առաջակվում է հրաժարվել նաև«բացասական» կամ «անբավարար» գնահատականներից: Արդյունքում կվերանա նաև «երկտարեցիության» երևույթը, որը, ոլորտի պատասխանատուների համոզմամբ, «նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը»։

Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշիչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Իսկ որպեսզի աշակերտները հնարավորություն ու ժամանակ ունենան հասկանալու ու յուրացնելու դասավանդվող թեմաները, նախագիծն առաջարկում է նաև թեթևացնել ներկա ուսումնական պլանները:

Գործող չափորոշիչով` տարրական դպրոցում որպես նվազագույն ծավալ սահմանված է տարեկան 2940 ժամ, որն առաջարկվող չափորոշիչում նվազեցվել է և դարձել 2746 ժամ տարեկան։

Միջին դպրոցում սահմանված տարեկան նվազագույնը 5100 ժամն առաջարկվում է սահմանել 4760, իսկ ավագ դպրոցի 3060 ժամը՝ 2890 ժամ տարեկան։

Չափորոշիչների փոփոխությունները հանգեցնելու են նաև դասագրքերի փոփոխության, ինչի արդյունքում դպրոցական ծրագրերի փոփոխությունը պետական բյուջեի վրա կարժենա 4 469 665 152 ՀՀ դրամ:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության 2010 թ-ի որոշման մեջ: Հանրային քննարկման ներկայացված նախագիծը նախատեսվում է ընդունել 2020թ.-ի հուլիսի 7-ից հետո, երբ կավարտվի հանրային քննարկման համար նախատեսված ժամկետը:

Այս պահին նախագիծը որևէ գրավոր առաջարկ չի ստացել, բայց ստացել է 34 կողմ և 30 դեմ ձայն:

 



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: