09/26/2021

Վահե Հակոբյան. «Գազի սակագինը բնակչության համար կմնա անփոփոխ»

Վահե Հակոբյան. «Գազի սակագինը բնակչության համար կմնա անփոփոխ»

Զրույց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վահե Հակոբյանի հետ

- Պարոն Հակոբյան, բնական գազի սակագնի փոփոխության խնդրին վերջին մեկ-երկու տարում զանգվածային լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ անդրադառնում են։ Եվ ահա հունիսի 19-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի եւ խնդրո առարկային վերաբերող այլ հարցեր։ Կխնդրեինք ներկայացնել փոփոխությունները։

- Նախ ներկայացնեմ նախապատմությունը. «Գազպրոմ-Արմենիան» բնական գազի սակագնի փոփոխության հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Վերջինս ուսումնասիրությունից հետո առաջարկել է սակագնային իր տարբերակը, այսինքն` «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել է հետեւյալ սակագները։ Ասեմ, որ անփոփոխ է մնացել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը, այն է` մինչեւ 600 խմ գազի համար մեկ խորանարդը` 100 դրամ, իսկ 600 խմ գերազանցող բնական գազի համար` 139 դրամ (1 խմ)։

Փոփոխությունը կատարվել է 10 հազար խմ-ից բարձր սպառողների մոտ եւ գյուղմթերք արտադրողների ու գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող` պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց համար, որոնց մատակարարվող բնական գազի սակագինը 224,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։ Իսկ արտադրական մյուս ձեռնարկությունների համար (գազալցակայաններ եւ այլն), որոնք 10 հազար խմ-ից ավելի գազ են սպառում, սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար սակագին է սահմանված 255,91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (նախկինում 242,91 ԱՄՆ դոլար էր)։

- Եվ ե՞րբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները։

- Սահմանված  սակագներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից։

- Պարոն Հակոբյան, մեր վերջին զրույցը կայացել է վեց ամիս առաջ` նախորդ տարվա դեկտեմբերին, այս ընթացքում շատ բան փոխվեց, մանավանդ կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Կուզեինք իմանալ, թե Ձեր ղեկավարած կառույցն ինչպե՞ս է աշխատել արտակարգ դրության պայմաններում։

-  Ասեմ, որ մասնաճյուղն ապահովված է անհրաժեշտ կադրերով, աղոթում եմ, որ վարակը հեռու լինի ոչ միայն մեր աշխատակիցներից։ Տրամաբանական չէր լինի եւ անիրական, որ ասեմ` ստեղծված ծանր վիճակը շրջանցել է մեր կառույցը։ Տասնհինգ օր դադարեցրել ենք գազիֆիկացման վերաբերյալ դիմում-հայտերի ընդունումը, ոչ էլ մի մարդ է մտել հիմնարկ, փակ, կարանտինային վիճակ էր։ Աշխատակիցներն աշխատում էին հեռավար սկզբունքով։ Հետո արդեն դիմակներով, ձեռնոցներով գործն աստիճանաբար հունի մեջ մտավ, չէի ասի` թե նախկին ծավալներով։ Այն աշխատասենյակում, որտեղ 4-5 աշխատակից էր նստում, հիմա երկու հոգի են, մարդիկ խստորեն հետեւում են սանիտարահիգիենիկ կանոններին։

- Ստիպված ենք այս անգամ եւս հարց ուղղել Մեղրի համայնքի գազիֆիկացման առնչությամբ։ Դարձյալ մեր նախորդ զրույցին պիտի հղում անեմ, որի ժամանակ նշել էիք, որ համայնքի այն շենքերում, որոնք գազիֆիկացվել են, դեֆլեկտորները բացակայում են, ինչը լուրջ խնդիր է գազից օգտվելու անվտանգության առումով։

- Նույն խնդիրը (խմբ.-դեֆլեկտորներ) մնում են։ Դրա եւ ծխատարների վերաբերյալ զրույց ենք ունեցել սպառողների հետ, եկել ենք համաձայնության, որ համայնքապետարանն էլ աջակցի խնդրի լուծմանը, բայց առայժմ ոչ մի արձագանք չկա։

- Կխնդրեինք նշել, թե առաջիկայում համեմատաբար խոշոր հիմնարկ-ձեռնարկություններից որոնք պիտի գազիֆիկացվեն, իսկ դրանից առաջ, թե վերջին վեց ամսվա կտրվածքով գազիֆիկացման քանի՞ դիմում-հայտ է ներկայացվել։

- Վեց ամսվա կտրվածքով 65 դիմում է եղել, դրանց վերաբերյալ  կազմվել է նույնքան նախագիծ, շինմոնտաժային աշխատանքներից կատարվել է 57-ը, եւս 15 նախագիծ ընթացքի մեջ է (սա բնակչությանը մատակարարվող) գազի վերաբերյալ։

Ինչ վերաբերվում է այլ շինմոնտաժային աշխատանքներին (մեր փաստաթղթերում այդպես է ձեւակերպվում) Կապանի համայնքապետարանը դիմում է ներկայացրել գազիֆիկացնելու Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը, Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժինը (ԶԱԳՍ), ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժինը։ Սրան հավելած` հացաթխման երկու արտադրամաս է ցանկանում օգտվել բնական գազից։ Նաեւ չմոռանամ. գազիֆիկացման դիմում է ներկայացրել «Ապառաժ» ՍՊ ընկերությունը։ Գազիֆիկացման պահանջարկ կա  այն գյուղերի բնակիչներից, որոնք նախկինում գազիֆիկացված էին, ինչպես նաեւ Կապան քաղաղքի տարբեր թաղամասերից (Ձորք, Բաղաբերդ, Դավիթ Բեկ)։

 

Զրույցը` Վահրամ Օրբելյանի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2021 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: