09/26/2021

Մեռելահոտ փողերով փաստաբանը փորձել է սադրանքի մեջ ներքաշել «Սյունյաց երկրի» խմբագրին, իսկ վերջում սպառնացել քաջարանցիներով

Մեռելահոտ փողերով փաստաբանը փորձել է սադրանքի մեջ ներքաշել «Սյունյաց երկրի» խմբագրին, իսկ վերջում սպառնացել քաջարանցիներով

«Սյունյաց երկրի» դեմ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության պատերազմը դատական ճակատում շարունակվում է:

Հուլիսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ քննվում էր թիվ ՍԴ2/0350/02/18 քաղաքացիական գործը:

Գործով հայցվորը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է՝ ընդդեմ «Նոյյան տապան» լրատվական գործակալության եւ Սամվել Ալեքսանյանի:

Երկու տարուց ավելի է, ինչ քննվում է այդ գործը, սակայն նախնական դատական նիստերն ավարտվեցին միայն այսօր:

Վեճի առարկան Սամվել Ալեքսանյանի 2018 թվականի հունիսի 14-ի ասուլիսն է Երեւանում:

Այսօրվա դատական նիստում Սամվել Ալեքսանյանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 167-ի դրույթները, հայտարարությամբ է հանդես եկել եւ պնդել, որ դատավորը սույն գործով դատավարությունը վարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հանրահայտ դրույթների ակնհայտ խախտմամբ եւ պատասխանող կողմն ակնկալում է, որ գոնե այսուհետ դատավարությունը կընթանա գործող օրենքի պահանջներին համահունչ:

Դատական նիստի սկզբում եւ վերջում ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ փաստաբանը հայհոյախառն վիրավորանքներ է ուղղել Սամվել Ալեքսանյանին՝ վկայակոչելով ինչ-որ Պիլարսկու անուն, փորձելով խմբագրին ներքաշել սադրանքի մեջ, ինչին խմբագիրն արձագանքել է զսպվածությամբ եւ քանիցս կոչ արել նախագահող դատավորին՝ չափավորել հայցվորի ներկայացուցչին:

Դատավորը, մինչդեռ, ոչ միայն կտրուկ քայլեր չձեռնարկեց, այլեւ չփորձեց փաստաբանի հեռախոսային անվերջ խաղիկները դադարեցնել (ի դեպ, նախորդ դատական նիստերից մեկում մենք միջնորդել էինք դատարանին՝ հայտարարել ընդմիջում եւ հնարավորություն տալ հայցվորի ներկայացուցչին՝ հեռախոսային խաղիկները շարունակել ու ավարտին հասցնել, որից հետո կշարունակենք դատական նիստը):

Խմբագրին ուղղված խոսքում փաստաբանը վկայակոչել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի անունը, նաեւ հայտարարել, որ ինքն ուսանող ժամանակ դասերից չի փախել եւ ունի չորս դիպլոմ, ինչը, կարծում ենք, որեւէ առնչություն չուներ տվյալ դատավարության հետ:

Դատական նիստից հետո էլ փաստաբանը դուրս չի եկել նիստերի դահլիճից՝ հայտարարելով՝ քանի դեռ Սամվել Ալեքսանյանը դուրս չի եկել դահլիճից, ինքը դուրս չի գա:

Փաստաբանը կոչ է արել Սամվել Ալեքսանյանին՝ դուրս գալ փողոց, այնտեղ իր ներկայացուցիչները՝ քաջարանցիները կդիմավորեն քեզ, նաեւ ոստիկաններ հիմա կգան, քանի որ իմ՝ փաստաբանիս կյանքին վտանգ է սպառնում:

Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել փողոց եւ հաճույքով սպասել փաստաբանի ներկայացուցիչ քաջարանցիներին, ովքեր այդպես էլ չեն եկել:

Այդ ամենից հետո խմբագիրը հեռացել է դատարանի տարածքից:

Դրանից րոպեներ անց, որքանով հայտնի դարձավ, փաստաբանը նույնպես հեռացել է դատարանի շենքից:

Կեցցե Հայաստանի Հանրապետության ամենաարդար դատարանը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Հավերժ փառք Քաջարանի եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բարեկամությանը:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2021 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: